Հին Երևանի կերպարում ուրույն տեղ է գրավել Բերդը, որի հետ շատ բանով կապված է եղել Կոնդը: Բերդում է գտնվել Սարդարի պալատը, որը նայում էր Հրազդանի վրա, ուներ իր ժամանակի համար գեղեցիկ դահլիճներ: Դրանցից մեկում առաջին անգամ, բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կատակերգությունը: Այդ մասին է վկայում մարմարյա հուշատախտակը, որը փակցված է Երևանի «Արարատ» գինու կոմբինատի պատին: Երևանի բերդի տեղում այժմ գտնվում է «Արարատ» տրեստի գինու գործարանը իր հսկայական նկուղներով: Հրազդանի աջ ափին, երբեմնի Երևանի բերդի դիմաց. Սարդարի պալատի հանդիման տարածված է մի ընդարձակ խաղողի այգի: Այդ այգին ժողովրդի մոտ հայտնի է «Սարդարի բաղ» անվամբ: Այս անունը կապված է Երևանի սարդարի անվան հետ, որին էլ պատկանում էր այգին:
Գեթսեմանի մատուռ
(Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն)
Հին թաղ. կոչվում էր նաև Շահարը (պարս․՝ شهر): Զբաղեցնում էր քաղաքի կենտրոնական մասը: Այստեղ էր գտնվում քաղաքի եկեղեցիների մեծ մասը:
Կոնդ. անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով: Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է: Կոնդը եղել է քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը: Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագյուղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման:
Ձորագյուղ. զբաղեցնում էր Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր: Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը փաստորեն հայերեն Ձորագյուղի թարգմանությունն է: Ձորագյուղի մի մասը վերականգնվել է: Նախտեսվում է այստեղ վերակառուցել Հին Երևանը: Վերականգնված թաղամասում առանձնանում է մեծատաղանդ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը:
Նոր Թաղ. այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքը: Նոր էր կոչվում, որովհետև այստեղի հայ բնակիչները, 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո, եկել էին Ատրպատականից): Այդտեղ է գտնվում մինչ այժմ կանգուն Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին:
Քարահանք. Երևանի հարավարևելյան մասում էր: Պարսից տիրապետության օրոք՝ փոխվեց և կոչվեց «Դամըռ–Բուլաղ», որը բառացի նշանակում է «երկաթ-աղբյուր»: Թաղամասը մուսուլմանաբնակ էր:
Դալմա: Դալմայի այգիներն ընկած էին Հրազդան գետի աջ ափին՝ բուն Երևանից դուրս: Թաղը հռչակված էր իր ընտիր խաղողով ու մրգերով:
Դավա-Յաթաղ. հայերեն թարգմանենք՝ կլինի «ուղտերի ննջարան» նամ «ուղտերի կացարան»: Ուղտերի քարավանների բերած բարիքները քաղաքի գործարար մասին հանձնելուց և նորը ստանալուց հետո, վաչառականները գերադասում են գնալ ծայրամաս, ուր և՛ հով է եղել, և իջևանները մատչելի: Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի–թաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է:
Շիլաչի. արհեստավորների ու մանր առևտրականների թաղամաս:
Ղանթար. հին Երևանի շուկան, որի տեղում այժմ Երևանի Կոմայգին է: Այն պարսկական տիրապետության տարիներին կոչվեց «Ղանթար»՝ «շուկայի մեծ կշեռք»: Այդ շուկայում է եղել Երևան քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, որը պատկանում էր քաղաքի վարչությանը: Քաղաքի մեծածախ առևտուրը կատարվում էր «ղանթարով»: Նրա տիրոջն էր պատկանում կշռելու մենաշնորհը, իհարկե ապրանքատիրոջից գանձելով համապատասխան գումար: Հետագայում Ղանթարի գտնված վայրում կառուցվեց ծածկած շուկա, որը նույնպես Ղանթար կոչեց: Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»:
Բուլվար: Երևանի Հանրապետության հրապարակից դեպի քաղաքապետարան ընկած ընդարձակ, երկայնաձիգ ծառուղին կոչվում էր Բուլվար: Երևանում «բուլվար» էր կոչվում քաղաքի կենտրոնական զբոսայգին, որը մի ընդարւձակ ծառուղի էր: Ժամանակին Երևանը փոքր էր, իսկ բուլվարն էլ իր դիրքով քաղաքի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ: Բուլվարում ջրավաճառությամբ էին զբաղվում բազմաթիվ պատանիներ: Այն կապում էր Ղանթարը քաղաքի կենտրոնին՝ Շահարին: Այստեղ կառուցվում է Սուրբ Նիկոլայ ռուսական եկեղեցին: Եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին ամբողջությամբ ոչնչացվել է, և իր տեղում այժմ կանգնեցված է Ստեփան Շահումյանի հուշարձանը: