Yerevannews.am-ի զրուցակիցն է 2015 թվականի աշխարհի գավաթակիր, աշխարհի առաջնության բրոնզե ինչպես նաև Եվրոպայի առաջնության արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, ով այս տարի Շվեյցարիայի Բեռն քաղաքում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հարություն, քեզ հաջողվեց դառնալ Եվրոպայի չեմպիոն: Ինչպե՞ս ես քեզ զգում այդ կարգավիճակում
Այո, ինձ հաջողվեց դառնալ Եվրոպայի չեմպիոն և շատ ուրախ եմ այդ հանգամանքով: Այնպես էր ստացվել, որ բոլոր գույնի մեդալներն արդեն նվաճել էի, մնում էր ոսկե մեդալը: Միևնույն ժամանակ շատ հպարտ եմ, որ որպես Եվրոպայի չեմպիոն` Բեռն քաղաքում կարողացա բարձրացնել մեր եռագույնը ու հնչեցնել մեր հիմնը: Այս արդյունքն ինձ էլ ավելի ոգևորեց Օլիմպիական խաղերից առաջ, հիմա ավելի վստահ եմ տրամադրված:
Ինչպե՞ս որոշեցիր զբաղվել այս մարզաձևով: Կպատմե՞ս այս մարզաձևում քո առաջին քայլերի մասին
Հայրս շատ է սիրել այս մարզաձևը և հենց ինքն է սպորտի ոլորտում որոշել իմ ճակատագիրը, որի համար շատ ուրախ եմ: Սկզբում շատ բարդ էր, բայց հետզհետե համակերպվեցի ու հասկացա, որ հենց սա է իմ մարզաձևը ու պետք է շարունակեմ հենց այս ուղղությամբ:
Դու ընտրել ես շատ բարդ և դժվար մասնագիտություն, բայց, քո կարծիքով, հատկապես ի՞նչն է ամենաբարդը
Ճիշտ է շատ բարդ մարզաձև է, բայց միևնույն ժամանակ այն շատ գեղեցիկ և գրավիչ է : Այստեղ շատ կարևոր է ամուր նյարդեր ունենալ, որպեսզի կարողանաս պահել հուզմունքդ և լարվածությունդ:
Դու արդեն նվաճել ես բազմաթիվ մեդալներ, քեզ հե՞շտ են տրվել բոլոր այդ տիտղոսները, և ինչպիսի՞ մարզական ուղի ես ստիպված եղել անցնել
Յուրաքանչյուր մեդալ նվաճելը ինքնին շատ բարդ է եղել, քանի որ այն երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է, թե իմ և թե իմ մարզիչների համար:
Այս մարզաձևի հաղթահարման համար բարդ ճանապարհ է պետք անցնել , որտեղ ոչ մի արդյունք հեշտ չի տրվում:
Ամենաանփոխարինելին, ի՞նչ տվել է քեզ այս մարզաձևը
Այս մարզաձևը ինձ տվել է լավ ընկերներ, աշխատասիրություն, պարտաճանաչություն, չարչարանքի գնահատում: Այն դարձել է իմ ապրելակերպը, առանց որի ինձ այս կյանքում չեմ պատկերացնում:
Մենամարտերից առաջ հոգեբանորեն ինչպե՞ս ես տրամադրվում
Մրցումից առաջ աշխատում եմ կողմնակի ոչ մի բանի մասին չմտածել ու ամենակարևորը փորձում եմ չլարվել՝ հանգիստ հոգեվիճակում լինել:

Yerevannews.am-ը ևս մեկ անգամ շնորհավորում է Հարություն Մերդինյանին Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանանալու համար և հաղթանակներ մաղթում Օլիմպիական խաղերի ժամանակ: