2015թ. պետբյուջեի կատարողականի վերաբերյալ այսօր խմբակցությունները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները: Մասնավորապես ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ բյուջեի կատարողականից, մեղմ ասած, գոհ չէ: Նա նշեց, որ զինվորական կենսաթոշակի չափը 6000 դրամ է, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1500 դրամ:
«Եթե զինվորականը 20 տարվա ստաժ ունի, ապա նա կստանա 46 հազար դրամ. այսպես է պետությունը գնահատում հայրենիք պաշտպանին և նրա ընտանիքին»,-ասաց նա և նշեց, որ եթե ցանկանում են արժանապատիվ զինվոր պահել, ապա դրան լրջագույն ուշադրություն պետք է դարձեն: Բիշարյանի տեղեկացմամբ՝ ՕԵԿ-ը դեմ կքվեարկի, քանի որ չի տեսնում բյուջե, որը նպաստում էր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշեց, թե Հայաստանը, լինելով պատերազմական երկիր, օրակարգային է դարձել ռազմաարդյունաբերական համալիրի ամբողջացումը:
«Մենաշնորհների դեմ պայքարն է կարևոր, հատկապես, որ կա միջազգային լավ փորձ, որը մենք կարող են օգտագործել: 2015 թվականին ներկայացված այս բյուջեին մենք դեմ ենք քվեարկել, և բնական է՝ հիմա կողմ քվեարկել չենք կարող: Դաշնակցությունը ձեռնպահ է լինելու»,-ասաց նա:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից էլ խոսեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինս նկատեց, որ կատարվել են նախորդ տարվա իր կանխատեսումները, իսկ նա այն ժամանակ ասել, էր որ կարևոր է տնտեսապես դիմադրել երկրի առջև կանգնած մարտահրավերիներին:
«Թեև մեկ տարի առաջ իշխանություն ասում էր, որ պետական պարտքի հետ կապված որևէ վտանգներ չկան, միևնույն է՝ 2017թ. ՀՀ կհատի 50 տոկոսանոց սահմանը: Բյուջեի կատարողականի ներկայացված հաշվետվությունը պարզ ցույց է տալիս, որ այս իշխանությունների միակ ծրագիրն անծրագիր պարտքերի փոխառություն է»,- ընդգծեց Զուրաբյանը և շեշտեց, որ ՀԱԿ-ը դեմ քվեարկելու:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն ևս ձեռնպահ է քվեարկելու նախագծին, քանի որ իշխանությունը բյուջեի կատարողականը դիտարկել է միայն որպես ֆինանսական փաստաթուղթ, այլ ոչ թե քաղաքական նպատակադրումների փաստաթուղթ:
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ կողմ են քննարկելու բյուջեի կատարողականին:
Այսպիսով` բոլոր խմբակցությունների անունից ելույթներ եղան, բացի «Ժառանգություն» խմբակցությունից: