Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված միջազգային արձագանքներին:
«Բոլորին հայտնի է, որ Հայաստանում Նժդեհի անունով հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան կա, ինչպես նաև` թուրքական զավթիչների դեմ հերոսական պայքար մղած Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող բազմաթիվ արձաններ կան: Այս արձանները տեղադրված են նրա համար, որ Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում Նժդեհը երկրի բնակչությունը պաշտպանեց այդ տարիներին առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա ի հայտ եկած Ադրբեջան պետության զինված խմբավորումների ոտնձգություններից, ինչպես նաև կազմակերպեց Հայաստանի ու Լեռնահայաստանի` Զանգեզուրի պաշտպանությունը:
Եվ որևէ անհասկանալի բան չկա, թե ինչու է Ադրբեջանում Նժդեհի արձանի տեղադրումը առաջացնում պատվիրված հոդվածների հերթական փոթորիկը, որն ուղղակի հետևանքն է Ադրբեջանի ղեկավարի ` Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ բարձրաձայնած հավակնությունների: Անբարո ու անարդյունավետ եմ համարում ֆաշիզմի դեմ պայքարում հայ ժողովրդի անգնահատելի ավանդի վրա ստվեր գցելու Բաքվի ջանքերը»,- ասված է հայտարարությունում:
Նշենք, որ Նժդեհի արձանի բացմանն անդրադարձել է ինչպես ադրբեջանական մամուլը, այնպես էլ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը երեկ հայտնել էր, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: