«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարության հանձնարարականով արդեն մի քանի օր է՝ զինվորական մասնագետները ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում։ Ինչպես հայտնի է՝ վերջինս Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի և Արցախի իշխանություններին քննադատել էր և նրանց մեղադրել էր հայկական զինված ուժերի զարգացումը ճիշտ չկազմակերպելու մեջ։ Բաբայանի կարծիքով հայկական զինուժը անհրաժեշտ պաշտպանական համակարգերով ապահովված չէ, և հայկական երկու երկրների իշխանություններն առաջին հերթին հենց պաշտպանական համակարգերը զարգացնելու մասին պետք է մտածեն։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստվում է Սամվել Բաբայանին ապացուցել, որ հայկական զինուժի պաշտպանական համակարգի վիճակի և հնարավորությունների մասին նա, մեղմ ասած, իրազեկված չէ, և իր պատկերացումները հիմնված են իր պաշտոնավարման տարիների՝ 1995-1999 թվականների տվյալների վրա»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: