Վստահ եմ, որ չեք կարդացել 12.06.2016թ. «Առավոտ» տպագիր թերթում իմ հրապարակած «2015-2016 ուսումնական տարում դասագրքերի փորձարկում իրականացնող դպրոցների եւ փորձարկվող դասագրքերի մասին» հոդվածը, որտեղ նշել էի, որ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը զբաղեցնում է Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: 1999 թվականից մինչև փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելը տիկին Հարությունյանը եղել է ԿԳՆ ԾԻԳ-ի տնօրենը, իսկ փոխնախարարի պաշտոնին նշանակվելուց հետո էլ մինչ օրս համատեղում է այդ երկու պաշտոնները: Նշեմ, որ Հայաստանում Կրթության ոլորտի բարեփոխումների համար Համաշխարհային բանկի կողմից իրականացվող բոլոր 4 ծրագրերը սկսվում ու ավարտվում են ԾԻԳ-ում, անցած 15 և ավելի տարիներին հսկայական գումարներ են շրջանառվել ու շրջանառվում այս ԾԻԳ-ի միջոցով, և այս տարիների ընթացքում կրթության գործող բոլոր նախարարները խաղացել են ԾԻԳ-ի թելադրած կանոններով: Այնպես որ, չեմ զարմանում, որ տիկին Հարությունյանը, լինելով ստվերային նախարար, միաժամանակ մնում է թե՛ փոխնախարարի, թե՛ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի տնօրենի պաշտոնում: Ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք սա ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենքների խախտում չէ:
Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյան