ՀՀ կառավարությունը և Հայաստանի բանկերը համատեղ նախաձեռնել են աննախադեպ վարկային ծրագիր, որի հիմնական շահառուները պետական, ինչպես նաև ոչ պետական բուհերի հավատարմագրված մասնագիտությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն են:
Վաղվանից Հայաստանի 14 բանկեր կտրամադրեն ուսումնական վարկ, որը հնարավորություն կտա ուսանողին սովորելու տարիներին վճարել ուսման վարձը, սակայն այն կարող է մարել միայն բուհն ավարտելուց հետո:
Այս մասին այսօր հայտարարեցին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Ուսումնական վարկը կտրամադրվի ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները, իսկ ուսումնառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ:
Նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս ծրագրի շնորհիվ առավել մատչելի է դառնում ուսանողական վարկերի մեխանիզմը և զգալիորեն մեղմանում է սոցիալական խնդիրների պատճառով բարձրագույն կրթություն չստանալու խոչընդոտները:
«Այս համալիր գործողությունների արդյունքում լավ սովորող ուսանողները խնդիր չեն ունենալու բարձրագույն կրթություն ստանալու հարցում»,-իր խոսքում նշեց Արմե Աշոտյանը:
Բանկերի միության նախագահը նշեց, որ վարկի առավելագույն ծավալը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1 800 000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 մասնաբաժնով, ընդ որում` յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը կարող է լինել ոչ ավել, քան 450 հազար դրամ:
«Եթե նախկինում 5-6 տարի էր մարման ժամկետը, հիմա լինելու է 10 տարի ժամկետով: Երկրորդ կարևոր հանգամանքն էլ այն է, որ վարկի մարումը կլինի ուսանողի ավարտելուց հետո»,-իր խոսքում նշեց Աշոտ Օսիպյանը:
Վերջինս նշեց, որ վատ վարկային պատմություն ունեցող անձը չի կարող ուսանողի համար հանդիսանալ երաշխավոր, այսինքն այս դեպքում ուսանողը զրկվում է ուսումնական վարկից:
Նախարար Աշոտյանի խոսքով այս ծրագիրը զգալիորեն թեթևացնելու է ուսանողի բեռը:
«Այս պրոցեսով չենք ֆինանսավորում դիպլոմ ստանալու մեխանիզմը, այլ` գիտելիք ստանալու պրոցեսը»,-իր խոսքում նշեց Արմեն Աշոտյանը: