Մայիսի 12-ից քառօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած պատվիրակությունը:
Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Դմիտրի Կատերինիչին:
Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական հարաբերություններն անհրաժեշտ է էլ ավելի ընդլայնել և խորացնել, բարձրացնել ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակը, քննարկել տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Վահրամ Ավանեսյանի խոսքով, Հայաստանը հետաքրքրված է հատկապես այն ծրագրերով, որոնք առնչվում են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում բելառուսական տեխնիկայի հավաքման կազմակերպման և ներկրման հնարավորություններին:
Հանդիպմանը հյուրերին է ներկայացվել Հայաստանի արտահանմանն ուղված ռազմավարությունը, մասնավորապես այն ոլորտները, որոնք արտահանման տեսանկյունից հեռանկարային են համարվում Հայաստանի համար, և քննարկվել են հայ-բելառուսական փոխգործակցության հնարավորությունները այդ ոլորտներում:
Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Դմիտրի Կատերինիչը շնորհավորել է Վահրամ Ավանեսյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք, հաջողություն այդ պատասխանատու պաշտոնում:
Անդրադառնալով հայ-բելառուսական տնտեսական հարաբերություններին, Դմիտրի Կատերինիչն ասել է, որ հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջխաղացում ապահովելու համար բոլոր նախապայմանները կան և հավելել, որ առաջիկայում կայանալիք հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ևս կնպաստի այդ գործընթացին:
Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարը հեռանկարային է համարել հայ-բելառուսական փոխգործակցությունը հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում, բելառուսական տեխնիկայի մատակարարման, ինչպես նաև մեքենաշինության և գործիքաշինության ոլորտներում: