Խորխե Մարիո Բերգոգլիոն ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսի մոտ գտնվող Ֆլորես բնակավայրում: Նա Մարիո Խոսե Բերգոլիոյի (1908–1959) և Ռեգինա Մարիա Սիվորիի հինգ զավակներից ավագն էր:
21 տարեկանում Բերգոլիոն տառապել է կյանքի համար վտանգավոր թոքաբորբով: Հիվանդությունից հետո նրա թոքի մի մասը հեռացրել են։ Բերգոլիոն Սան Լորենցո դե Ալմագրո ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է: Բերգոլիոն նաև Տիտա Մերելլոյի մասնակցությամբ ֆիլմերի, նեոռեալիզմի, տանգոյի և Արգենտինայի, Ուրուգվայի ազգային երաժշտության՝ միլոնգայի սիրահար է:
Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապ։ Հռոմի պապ ընտրվելուց հետո վերցրել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։
Ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Նախքան ճեմարանում ուսանելը որոշ ժամանակ աշխատել է որպես քիմիական տեխնոլոգ և դռնապան՝ գիշերային ակումբում:1969 թվականին ձեռնադրվում է քահանա։ 1973-1979 թվականներին եղել է Արգենտինայի ճիզվիտների գավառական ավագ։ Արգենտինայում Ազգային վերակազմավորման գործընթացի կառավարության (1976-1983) տապալումից հետո նա մեղադրվեց Կեղտոտ պատերազմի ժամանակ երկու քահանաների առևանգման գործում մասնակցություն ունենալու մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով դատական գործը վերջ ի վերջո կասեցվեց։ 2005 թվականի ապրիլի 15-ին մարդու իրավունքների գծով փաստաբանը քրեական գործ հարուցեց ընդդեմ Բերգոլիոյի՝ մեղադրելով նրան 1976 թվականին խունտայի հետ համաձայնության մեջ, որն առևանգել էր ճիզվիտ երկու հոգևորականների: 2013 թվականի մարտի 17-ին տվյալ գործը քննող արգենտինացի դատավոր Հերման Կաստելլին La Nación թերթին տված հարցազրույցում նշեց.
- Հայտարարությունն այն մասին, որ (Հռոմի Պապը) Խորխե Բերգոլիոն «դավաճանել է» այս հոգևորականներին, ամբողջությամբ սուտ է: Մենք ամեն ինչ վերլուծեցինք, լսեցինք այդ վարկածը, դիտարկեցինք ակնհայտ փաստերը և եկանք այն եզրահանգման, որ նրա գործողություններն այն իրադարձություններում իրավաբանորեն չեն հանդիսանում հանցակցություն: Եթե հակառակը լիներ, մենք այդ մասին կհայտնեինք:
1998 թվականին դարձավ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, իսկ 2001 թվականին Հովհաննես Պողոս II պապի կողմից արժանացավ կարդինալական աստճանի։ 2001 թվականի դեկտեմբերին երկրում տիրող խռովությունների ժամանակ գլխավորում էր Արգենտինայի կաթոլիկ եկեղեցին, և Նեստոր Կիրշների ու Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների վարչակարգը նրան դիտարկում էր որպես քաղաքական թշնամի։ 2013 թվականի փետրվարի 28-ին Բենեդիկտոս XVI պապի հրաժարականից հետո մարտի 13-ին կոնկլավը որպես հաջորդ պապ ընտրեց կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին։
Իր ողջ հասարակական կյանքի ընթացքում Ֆրանցիսկոս պապն աչքի է ընկել իր համեստությամբ, հատուկ նշանակություն տվել Աստծո ողորմածությանը, մտահոգվել աղքատներով և այլ դավանանք ունեցող անձանց նկատմամբ իր հանդուրժողական վերաբերմունքով։ Նրան գնահատում են պապական իշխանության հանդեպ ունեցած համեստ, քիչ պաշտոնական վերաբերմունքի համար։ Օրինակ՝ ի տարբերություն նախկին պապերի՝ նա նախընտրեց բնակվել Վատիկանի Domus Sanctae Marthae հյուրատանը և ոչ թե Վատիկանի առաքելական պալատի պապական հարկաբաժնում։ Ճիզվիտական և իգնատիոսական գեղագիտական ճաշակի շնորհիվ, նախընտրում է անպաճույճ եկեղեցական հագուստներ, իր ընտրության ժամանակ հրաժարվել է ավանդական պապական մոցցետայից, պապական իշխանության խորհրդանիշ համարվող ոսկե Ձկնորսի մատանու փոխարեն ընտրել է արծաթեն և պահպանել նույն լանջախաչը, որը կարդինալ ժամանակ էր կրում։ Շարունակում է պահպանել եկեղեցու բաց և հյուրընկալ լինելը։ Չի աջակցում սանձարձակ կապիտալիզմին, մարքսիզմին կամ ազատագրման աստվածաբանության մարքսիստական տարբերակներին։ Ֆրանցիսկոսը պահպանում է եկեղեցու ավանդական հայացքները վիժումների, էվթանազիայի, հակաբեղմնավորիչների, համասեռականության, կանացի քահանայության և կուսակրոնության վերաբերյալ։ Դեմ է գնողունակ պահանջարկին, չափից դուրս զարգացմանը և հատկապես մեծ աջակցություն է ցուցաբերում կլիմայի փոփոխությանն դեմ ուղղված միջոցառումներին, որին է նվիրված նրա Laudato si’ (Գովեմ զՔեզ) շրջաբերականը։ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապը մատուցել է Սուրբ Պատարագ և իր ելույթում նշել, որ հայերին պատահած ողբերգությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ 2016 թվականի հունիսի 24-26-ը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը այցելելու է Հայաստան։
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: