Ի պատիվ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են նաև ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հանդես են եկել ելույթներով:
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը
ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Հռոմի Սրբազան Քահանայապետ
Ֆրանցիսկոս Պապի հանդիպման ժամանակ
Ձե՛րդ Սրբություն,
Սրբազա՛ն Հայրեր,
Հարգելի՛ ներկաներ,
Այսօր Աստված մեզ յուրահատուկ օր է պարգևել:
Մեր ժողովրդի և անձամբ ինձ համար մեծագույն պատիվ է ողջունել կաթոլիկ աշխարհի առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած և հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների հազարամյա մաքառումներով անցած հայոց հողում։
Ձե՛րդ Սրբություն, Ձեր այցը երկար սպասված էր մեր երկրում։ Սիրո, խաղաղության և գթասրտության համամարդկային արժեքների ու մարդասիրական գաղափարների նկատմամբ Ձեր հավատարմությամբ և հայությանը հուզող հարցերի հանդեպ Ձեր մշտական հոգածությամբ Դուք վայելում եք հայ ժողովրդի մեծ հարգանքն ու հիացմունքը։
Շնորհակալ ենք ջերմությամբ լի պատմական այս պահը բոլորիս պարգևելու համար։ Շնորհակալ ենք, որ Ձեր ներկայությամբ օրհնություն, երջանկություն ու խաղաղություն եք բերում մեր երկիր, ջերմությամբ լցնում մեր օջախներն ու մեր սրտերը։ Ձեր կողմից որպես այցի նշանաբան` «այց առաջին քրիստոնյա երկիր» պաշտոնական կարգախոս հաստատելը և ուղևորությունն «ուխտագնացություն» բնորոշելը վկայում են մեր երկրի և հայ ժողովրդի հանդեպ Ձեր հոգածության, ինչպես նաև կաթոլիկ և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև առանձնահատուկ կապի մասին: Մենք շնորհակալ և երախտապարտ ենք Ձեզ դրա համար:
Հարգարժա՛ն հյուրեր,
15 տարի առաջ՝ 2001 թվականին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան մեր երկրում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ էր։ Այսօր Ֆրանցիսկոս Պապի այս պատմական այցը նշանավորում է մեկ այլ հիշարժան տարեդարձով՝ Հայոց անկախ պետականության վերականգնման 25-ամյակը, տոն, որ յուրաքանչյուր հայի համար նվիրական է։
Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմական սլացքում շատ դժվարություններ է տեսել՝ ցեղասպանությունից, օտարի բռնատիրությունից ու բարեկամի անտարբերությունից մինչև ժխտողականություն: Տեսել է, սակայն չի կորցրել մարդասիրության, հանդուրժողականության ու համերաշխության գաղափարներին հավատալու իր կարողությունը։ Եվ չի կորցրել իր հավատի, դավանած արժեքների, խաղաղասիրության ու նաև մեզ ձեռք մեկնած ու սատար կանգնած մեծ հումանիստների շնորհիվ։
Ինչպե՞ս չհավատալ արդարության հաղթանակին, երբ անգամ 1915-ը 2015-ից բաժանող 100-տարիներից հետո կաթոլիկ աշխարհի սրտից աշխարհին է ուղղվում արդարադատ այն ուղերձը, որ մարդկությանը պատուհասած զանգվածային ոճիրներից առաջինը՝ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և անհերքելի իրողություն. երբ անկախ ամեն ինչից կեղծիքն ու ժխտողականությունը սկսում են երերալ պատմական արդարության առաջ։ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը, որ հաջորդեց Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված պատարագին հենց դա վկայեց։
Մենք մեղավորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարևան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա։
Ձե՛րդ Սրբություն,
Սիրելի՛ ներկաներ,
301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու հայ ժողովրդի որոշումը, անշուշտ, կարևոր իրադարձություն էր համաշխարհային պատմության մեջ։ Սակայն հայ ժողովրդի համար այն առավել քան ճակատագրական եղավ․ քրիստոնեական հավատը դարձավ հայոց ինքնության դրոշմը՝ պայմանավորելով թե՛ մեր պատմական ուղին, թե՛ այն արժեքներն ու կենսամշակույթը, որ մեզ ուղղորդեցին դեպի 21-րդ դար, դեպի ներկա, դեպի այս պատմական ակնթարթը։
Քրիստոնեության արմատները շատ խորն են հայոց հողում և հայ մարդու մեջ։ Հավատարիմ մնալ քրիստոնեությանը՝ սա է հայ ժողովրդի կարևոր նկարագիրը․ պատահական չէ, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում կարելի է հանդիպել հայկական եկեղեցիների ու խաչքարերի։ Պատահական չէ նաև, որ կաթոլիկ եկեղեցու բարձրագույն՝ «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսին արժանացավ և քրիստոնեության 36 մեծագույն մտածողների շարքը համալրեց մեր ժողովրդի մեծագույն ամենալուսավոր զավակներից մեկը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացին: Դա մեծ պատիվ էր, ազգային արժևորման կարևոր իրադարձություն, որը եկավ կրկին փաստելու, որ Հայաստանին և Սուրբ Աթոռին միավորող կապերը բխում են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգից:
Քրիստոնեությունը մեզ համար ոչ միայն դավանանք է, այլև կենսակերպ. այն հայ ժողովրդի մեջ արմատավորել է խաղաղությամբ ապրելու ձգտումը և դժվարությունները զսպվածությամբ և արժանապատվորեն հաղթահարելու փիլիսոփայությունը: Եվ որքան մենք ավելի քրիստոնյա ենք դարձել, այնքան ավելի ենք հարգել ու արժևորել այլոց դավանանքը, այնքան ավելի հանդուրժող ու խաղաղասեր ենք դարձել, կարողացել ենք համերաշխ ապրել այլ ժողովուրդների հետ, ինչպես նաև՝ առավել խնամքով մեր հողում պահել այլոց հոգևոր-մշակութային արժեքները։
Միջկրոնական բարեկամական հարաբերությունների օրինակները շատ են. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը ակնառու օրինակ է, կամ հենց նույն Մերձավոր Արևելքում մինչև վերջին տարիների անբարենպաստ զարգացումները հայ համայնքների խաղաղ ու ծաղկուն գոյությունը, ներդաշնակ համագոյակցությունը հյուրընկալ ժողովուրդների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների հետ դրա լավագույն ապացույցն են: Մենք խոր ցավով ենք հետևում Մերձավոր Արևելքում վանդալիզմի ու այլատյացության դրսևորումներին, որի միակ նպատակը այդ տարածքներից մշակութային սպանդի միջոցով պատմական հիշողության վերացումն է:
Ձե՛րդ Սրբություն, ինչպես իրավացիորեն նկատել եք ապրիլի 12-ի Ձեր ելույթում, մեր այս բարդ տարածաշրջանի ժողովուրդները խաղաղության կարիք ունեն, խոսքն այն ժողովուրդների մասին է, որ անցյալում, չնայած տարաձայնություններին և ճնշումներին, համատեղ խաղաղ կյանքի երկարատև ժամանակահատվածներ են ունեցել, նույնիսկ դժվարությունների ժամանակ աջակցել միմյանց։
Այսօր էլ Հայաստանը խաղաղության է ձգտում, մեզ համար ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային խաղաղ համագոյակցության, որքան էլ որ դեպի խաղաղություն տանող ճանապարհը դարձել է խրթին ու դժվարանցանելի: Գուցե այն պատճառով, որ տևական խաղաղության հիմքում ժողովուրդների ազատության ու ազատ կամընտրության գաղափարն է։
Ձե՛րդ Սրբություն, լիովին համամիտ եմ, որ «Խաղաղությունը որքան Աստծո պարգևն է, նույնքան էլ մարդկային ձեռքբերում է»։ Ես հավատում եմ մարդկային ձեռքբերումներին, ամեն մի վայրկյան սեփական կյանքի գնով խաղաղություն պահպանողներին, խաղաղություն պարտադրողներին:
Ես լավատես եմ. ես հավատում եմ, որ ազատության և խաղաղության մասին մարդկության՝ դարերով փափագած երազանքները մի օր իրականություն են դառնալու:
Բարով եք եկել առաջին քրիստոնյա երկիր:
***
Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի խոսքը ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Պարո՛ն Նախագահ,
Հարգարժա՛ն պետական այրեր,
Պատվարժա՛ն դիվանագետներ,
Տիկնա՛յք և Պարոնա՛յք,
Մեծ ուրախություն է ինձ համար գտնվել այստեղ, հպվել այս հույժ սիրելի հայկական աշխարհի հողին, այցելել հինավուրց և հարուստ ավանդույթներ ունեցող մի ժողովրդի, ով քաջությամբ է վկայել իր հավատքը, ով շատ է տառապել, բայց վերածնվել է միշտ։
« ...Մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, ... հազարամյա քարն ... աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր» (Եղիշե Չարենց, «Ես իմ անուշ Հայաստանի»): Սրանք մի քանի հզոր պատկերներ են, որոնք Ձեր հռչակավոր բանաստեղծը մեզ է ընծայում՝ լուսավորելու համար մեզ Հայաստանի պատմության խորության և բնության գեղեցկության մասին: Դրանք քիչ խոսքերի մեջ ամփոփում են մի ամբողջ ժողովրդի փառավոր և ողբերգական փորձառության արձագանքն ու խտությունը և տոգորող սերը Հայրենիքի հանդեպ:
Սրտանց երախտապարտ եմ Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի Կառավարության և բնակչության անունից ինձ ուղղված Ձեր բարի գալուստի սիրալիր խոսքերի համար, ինչպես նաև ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ Ձեր ազնիվ հրավերի շնորհիվ, փոխադարձելու անցյալ տարի Վատիկան կատարած Ձեր այցը, երբ մասնակցեցիք Սուրբ Պետրոսի տաճարում՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, և Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց Պատրիարք երջանկահիշատակ Ն.Ե.Ներսես Պետրոս XIX-ի հետ միասին այդ հանդիսավոր արարողությանը: Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ։ Եվ ցավալի է, որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ:
Հարգանքի իմ տուրքն եմ մատուցում հայ ժողովրդին, ով լուսավորված Ավետարանի լույսով, նույնիսկ իր պատմության ամենաողբերգական պահերին, Քրիստոսի Խաչի և Հարության մեջ է գտել կրկին վեր հառնելու ուժը և արժանապատվությամբ վերսկսելու իր ուղին։ Սա ապացուցում է, թե որքան խորն են քրիստոնեական հավատքի արմատները։ Մեր աչքի առաջ ունենալով անցյալ դարի ատելության, նախապաշարմունքի և տիրելու անսանձ փափագի պատճառած աղետաբեր հետևանքները, ի սրտե մաղթում եմ, որպեսզի մարդկությունը ունակ լինի դաս քաղելու այդ ողբերգական փորձառություններից, գործելու պատասխանատվությամբ և իմաստությամբ՝ նման սարսափների մեջ կրկին չընկնելու վտանգը կանխելու նպատակով։ Պետք է, հետևաբար, բազմապատկվեն բոլորի ջանքերը, որպեսզի միջազգային բանավեճերում գերակայությունը տրվի երկխոսությանը, խաղաղությանը հասնելու կայուն և անկեղծ պրպտումին, պետությունների միջև երկխոսությանը և միջազգային մարմինների վստահության մթնոլորտ կառուցելու մշտական ջանքերին՝ մնայուն համաձայնությունների հասնելու նպատակով, որոնք նայում են դեպի ապագա։
Կաթոլիկ Եկեղեցին ցանկանում է ակտիվորեն համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր սրտի մոտ են ընդունում քաղաքակրթությունների ճակատագրերը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը՝ աշխարհում հոգևոր արժեքների գերակայությունը ապահովելու համար՝ դիմակազերծելով բոլոր նրանց, ովքեր աղավաղում են դրանց իմաստն ու գեղեցկությունը։ Այս կապակցությամբ, կենսական կարևորություն ունի այն, փաստը, որ բոլոր նրանք ովքեր հայտարարում են իրենց հավատը Աստծու հանդեպ, միատեղեն իրենց ուժերը՝ մեկուսացնելու բոլոր նրանց, ովքեր կրոնը ծառայեցնում են պատերազմական ծրագրերն առաջ տանելուն, հարստահարությանը և բռնի հալածանքին՝ գործիք դարձնելով և շահարկելով Աստծո Սուրբ Անունը։
Այսօր, հատկապես քրիստոնյաները, գուցե առավել, քան առաջին մարտիրոսների ժամանակներում, որոշ տարածքներում խտրականության զոհ են և հալածվում են սոսկ իրենց հավատը դավանելու համար, մինչդեռ բազմաթիվ հակամարտություններ աշխարհի տարբեր վայրերում դեռևս դրական լուծումներ չեն գտել, պատճառելով սուգ, ավերածություններ և ժողովուրդների պարտադրված գաղթ։ Անհրաժեշտ է, ուստի, որպեսզի ազգերի ճակատագրերի համար պատասխանատուները, քաջ կերպով և առանց հապաղելու միջոցներ ձեռնարկեն այդ տանջանքներին վերջ դնելու նպատակով՝ առաջնայնությունը տալով խաղաղությանը հետամուտ լինելուն, բռնությունների և հետապնդումների թիրախ դարձածների պաշտպանությանը և հյուրընկալմանը, արդարության խթանմանը և կայուն զարգացմանը։ Հայ ժողովուրդն անձամբ է վերապրել նման իրավիճակ. ծանոթ է տառապանքին ու ցավին, ծանոթ է հալածանքին, իր հիշողության մեջ պահում է ոչ միայն անցյալի վերքերը, այլ նաև ոգին, որը թույլ տվեց ամեն անգամ նորից սկսելու: Այդ իմաստով քաջալերում եմ նրան, որպեսզի երբեք չդադարի իր արժեքավոր ներդրումը բերել միջազգային հանրությանը:
Այս տարի լրանում է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Երջանիկ պահ է՝ ուրախանալու և առիթ՝ հիշելու նվաճած ձեռքբերումները և առաջադրելու նորանոր նպատակներ: Այս ուրախ հոբելյանի տոնակատարությունները առավել իմաստալից կլինեն, եթե բոլոր հայերի համար թե՛ Հայրենիքում, թե՛ սփյուռքում, այն ուժերը համախմբելու և համակարգելու յուրահատուկ պահ հանդիսանա՝ երկրի քաղաքացիական և հասարակական հավասարակշիռ ու համապարփակ զարգացումն ապահովելու համար։ Խոսքը անընդհատ զգոն լինելու մասին է, որպեսզի երբեք չթերանանք բոլորին հավասար արդարության և տկարներին ու տարաբախտներին զորակցության բարոյական հրամայականներին: (Հմմտ. ՅՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Հայաստանից հրաժեշտի ուղերձ», 27 սեպտեմբերի 2001թ., «Ուսուցումներ ԻԴ», 2 [2001], 489): Ձեր երկրի պատմությունը համաքայլ է ընթանում դարերի հոլովույթում պահպանված իր քրիստոնեական ինքնության հետ: Այդ ինքնությունը, հեռու է պետության առողջ աշխարհիկությանը խոչընդոտելուց, ավելին, պահանջում և սնուցում է այն՝ խրախուսելով հասարակության բոլոր քաղաքացիների մասնակցությունը դրան, կրոնի ազատությունը և փոքրամասնությունների նկատմամբ հարգանքը: Բոլոր հայերի համախմբվածությունը և հարևան որոշ երկրների հետ լարվածությունը հաղթահարելուն ուղղված օգտակար ճանապարհներ գտնելու հարաճուն պարտավորվածությունը շատ ավելի կհեշտացնեն իրականացնելու այս կարևոր նպատակները՝ սկզբնավորելով Հայաստանի համար ճշմարիտ վերածննդի դարը:
Կաթոլիկ եկեղեցին, իր հերթին, երկրում մարդկային սահմանափակ քանակով ներկա լինելով հանդերձ, ուրախ է բերել իր ներդրումը հասարակության աճին, հատկապես իր աշխատանքով՝ ուղղված ամենատկարներին և ամենաաղքատներին, առողջապահական և կրթական բնագավառներում և մասնավորապես բարեգործության ոլորտում, ինչպես դա են վկայում արդեն 25 տարի գործող Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի, Երևանի կրթօջախի գործունեությունները, Հայկական Կարիտասի նախաձեռնությունները և կրոնական տարբեր միավորումների կողմից տարված աշխատանքները:
Աստված օրհնի և պահպանի Հայաստանը՝ հավատով, նահատակների քաջությամբ, հույսով՝ ցավից առավել զորավոր, լուսավորված այս հողը: