Երեկվա Հռոմի Պապի այցի հետ կապված, նայում եմ հրապարակումներին ու փորձում հասկանալ, թե ի՞նչ տեղի ունեցավ: Ես նկատի չունեմ հայերիս շահը, այլ՝ առհասարակ, ի՞նչ կարևոր բան տեղի ունեցավ: Բոլորը խոսում են ակնկալիքների մասին, թե այսպիսի կամ այնպիսի դրական փոփոխություն կլինի, Պապի այցելությունից հետո այս կամ այն բանը կփոխվի և այլն: Մի ստվար զանգված էլ ակտիվ քննադատում էր հոգևորականներին: Քննադատությանը դեմ չեմ, եթե այն առողջ է և կառուցողական, սակայն անհասկանալի է, երբ գովերգում ենք «օտարին»՝ «մերը» ջնջելով. դրանից «օտարը» մերը չի դառնա, իսկ «մերը»՝ կօտարանա:
Սա ի՞նչ է, ստրկամիտ օտարասիրությո՞ւն, մեր ունեցածը բարբարոսաբար ջնջելով ինքնահաստատման մոլո՞ւցք, թե՞ պարզապես անբուժելի տգիտություն: Դիմացինի դրական կերպարը գովերգելու համար պարտադի՞ր է մեկ ուրիշին սևացնել երևակայական դատողություններով, մի՞թե դրանից դիմացինն ավելի լավն է երևալու, կամ նա դրա կաիքն ունի՞: Վստահ եմ Պապը դրա կարիքը չունի, իսկ գուցե մե՞նք կարիք ունենք լավը երևալու Պապի աչքին...բայց հանուն ինչի՞:
Ես հասկանում եմ մի բան պիտի գրել, բայց ինչո՞ւ չգրել իրականությունը, մանավանդ, որ օրը շատ հագեցած էր իրադարձություններով: Եթե ինչ որ բան ենք ակնկալում Պապի այցից, ուրեմն պետք է օբյեկտիվ լինել, այլ ոչ թե իրականությունը ծառայեցնել մեր անհասկանալի հավակնություններին:
Հռոմի Պապը վաղը կվերադառնա իր ուխտը կատարած: Մենք էլ կմնանք տգետ ու հայհոյախառը քննադատություններով ծանրաբեռնված՝ ի վիճակի չլինելով բացահայտելու այս այցի կարևորությունն ու ակնկալիքները:
Երեկ բոլոր լրագրողների հիմնական հարցն ինձ ուղված այն էր, թե ինչ կփոխվի այս այցից հետո: Գիտեք, ոչինչ էլ չի փոխվի, եթե մենք պատրաստ չենք տեսնելու իրականությունը և միանալու երկու հովվապետերի սիրո ու խաղաղության աղոթքին:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Տեր Եսայի քահանա Արթենյանը: