1914-1922 թթ. Վատիկանում պաշտոնավարած Հռոմի Պապ Բենեդիկտոս 15-ը 1915 թվականի սեպտեմբերի 10-ին պաշտոնական նամակով (փաստացի՝ բողոքի նոտայով) դիմում է Օսմանյան Թուրքիայի սուլթան Մեհմեդ 5-ին (այն ժամանակվա սահմանադրությամբ՝ նա դե-յուրե երկրի առաջին դեմքն էր)` իր բողոքի ձայնը բարձրացնելով Թուրքիայի վիլայեթներում սկսված հայերի զանգվածային տեղահանությունների ու սպանությունների կապակցությամբ և հորդորելով սուլթանին շտապ միջոցներ ձեռնարկել այդ անմարդակային սպանդը անհապաղ կասեցնելու համար:
Նամակում մասնավորապես ասվում էր. «Շատ ցավալի կերպով մեզ են հասել ընդարձակ Օսմանյան կայսրությունում աննկարագրելի և որակում չունեցող տառապանքների ու տանջանքերի ենթարկված մի ողջ ազգի հեծեծանքները: Պարզվել է, որ հայ ազգի զավակների մեծ մասն ուղարկվել է դեպի անգոյություն, և որ նրանց մեջ բազմաթիվ վանականներ, անգամ որոշ եպիսկոպոսներ, ինչպես նաև` հայ ազգի շատ զավակներ են բանտարկվել, աքսորվել ու երկրից հեռացվել: Հենց նոր մեր ստացած տեղեկության համաձայն` մի շարք քաղաքների և ավանների բոլոր բնակիչներին հարկադրում են մեծ նեղություններով ու տառապանքներով լքել իրենց երկիրը` հեռավոր կենտրոններ փոխադրվելու համար, այնինչ նրանք, այդ կողմերում տառապանքներից ու հոգեկան տանջանքերից բացի, ենթարկվելու են նաև ամենասարսափելի չքավորության զրկանքներին, անգամ` սովի չարչարանքին»:
Սուլթանը Պապին պատասխանեց բավականին ուշ, 1915-ի նոյեմբերին` տալով կեղծիքներով լի պատասխան: Հայտնի է, որ Պապ Բենեդիկտոսը նույն այդ հարցադրումով ու պահանջով պաշտոնապես սուլթանին է դիմել երեք անգամ: Նշենք, որ Պապ Բենեդիկտոսն առանձնահատուկ հոգածություն է ցուցաբերել ցեղասպանությունից տուժած հայերի նկատմամբ. նրա ջանքերով 1918-ին Պոլսում բացվել է «Բենեդիկտոս ԺԵ» հայկական որբանոցը, իսկ Պոլսում Հռոմի Պապի լիազոր դեսպան Անջելո Դոլչիի գործադրած ջանքերի շնորհիվ կանխվեց 1918 թվականին պոսլահայերին աքսորելու երիտթուրքերի ծրագիրը:
Ուղիղ 100 տարի անց, արդեն մեր օրերում, թուրքական կառավարության կողմից իրականացրած այդ մեկդարյա վաղեմության ոճրագործությունը Հռոմի ներկայիս Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում արտասանած իր պաշտոնական ելույթում սահմանեց որպես` «մարդկության հանդեպ իրականացված առաջին ցեղասպանություն՝ գենոցիդ»:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Ռուբեն Շուխյանը: