Այսօր ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուզան Հակոբյանի, լսվեց «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցը՝ ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին: Հիշեցնենք, որ մատնանշելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք հայցվորի մեկնաբանմամբ կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով եւ կայացրած 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրել էին նշյալ որոշումը վերացնել եւ ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկելու «Բարեւ Երեւան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին: Պետրոսյանի խոսքով՝ ԿԸՀ-ն որոշում էր կայացրել, որ այնտեղ լիազոր ներկայացուցչի դիմումն է, եւ որ չկան դաշինքի մաս կազմող սուբյեկտներն ու այդքանով մերժել էր, ինչը չի համապատասխանում իրականությանը: Մինչդեռ՝ «Ես լիազոր ներկայացուցիչ եմ, բերել եմ չորս ստորագրություն, եւ չորս կնիք ու պետք չէ անտեսել այս փաստը, իմ դիմումը բաղկացած է չորս էջից, բոլոր կնիքների վրա կան կուսակցությունների անունները: ԿԸՀ-ն որպես վարչական մարմին պարտավոր էր չոտնահարել օրենքի դրույթները, հատկապես հավաստիության կանխավարկածը կարգավորող հոդվածը»: Նիստի ընթացքում որպես պատասխանող հանդես եկած ԿԸՀ իրավաբանական բաժնի վարիչ Նունե Հովհաննիսյանը հարց ուղղեց, արդյոք բոլոր չորս կուսակցությունները Պետրոսյանին լիազորել էին հանդես գալ իրենց անունից, քանի որ օրենքի համաձայն, երբ բողոքարկվում է ընտրատեղամասի արդյունքները, դրանք զրոյանում են, այսինքն՝ ստացվում է, որ վերջիններս կզրկվեին Երեւանի ավագանիում ներգրավված լինելուց, քանի որ չէին հաղթահարի նվազագույնի շեմը: Բացի այդ, Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ հանձնաժողովը որեւէ սկզբունք չի ոտնահարել, գործել է օրենքի համաձայն, ինչպես նաեւ խնդրեց դատարանից մերժել Պետրոսյանի հայցը, համարելով այն անհիմն: Հավելենք, որ դատական նիստը կշարունակվի մայիսի 16-ին: Այս մասին տեղեկացնում է` aravot.am-ը: