Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու ոսկյա շղթան հափշտակած անձի ինքնությունը:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում առերևույթ հանցագործություն կատարած անձը, վստահությունը չարաշահելու եղանակով` վերադարձնելու պայմանով, վերցրել է քաղաքացու ոսկյա շղթան, սակայն վերադարձնելու խոստումը չի կատարել և հափշտակել է այն՝ պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են նշված տարածքում տեղադրված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է այն տղամարդը, ով, ըստ տուժողի, վերցրել է ոսկյա զարդը։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում երևացող անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: