«Սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան նախարարությունում անցկացրել է իր աոաջին խորհրդակցությունը:

«ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ նա կոշտ ելույթ է ունեցել, և հրահանգել՝ քանդել ՀԱՕԿ նախագահի սենյակը: ՀԱՕԿ նախագահի սենյակը, Յուրի Վարդանյանի որոշմամբ, այսուհետ դառնալու է նախարարության խորհրդակցությունների սենյակ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է, գտնվում է նախարարության առաջին հարկում: ՀԱՕԿ նախագահի աշխատասենյակը շենքի երրորդ հարկում է (էր):

Հիշեցնենք, որ Վարդանյանի և Ծաոուկյանի հարաբերությունները բավականին լարված են», – գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու ներկայացնում Յուրի Վարդանյանի հետ հարցազրույցը.

- Պարոն Վարդանյան, մեր տեղեկություններով, ձեր առաջին խորհրդակցությունն եք անցկացրել որը բավական կոշտ է եղել, որոշակի հրահանգներ եք տվել, ճի՞շտ է:

- Ըստ իմ բնավորության գծերի, այո:

- Նաև հրահանգել եք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը վերանորոգեն և հայտարարել եք, որ դա այլևս նրա սենյակը չի լինելու: ճի՞շտ է:

- Այո:

- Իսկ ինչո՞ւ

- Որովհետև այդպես է պետք:

- Բայց պատճառը ո՞րն է:

- Ինձ կներեք, խնդրում եմ, ավելորդ հարցեր մի տվեք: Ինչ որ անում եմ, մտածված եմ անում, խորը գիտակցելով եմ անում ու ճիշտը դա է, այնպես որ, ավելորդ հարցեր մի տվեք: Եթե տեղեկացել եք, ուրեմն տեղեկացեք նաև, թե ինչի համար եմ դա անում:

- Այդ մեկին չեմ տեղեկացել դրա համար ձեզ եմ հարցնում:

- Դե…

- Բայց խնդիր չի առաջանա՞, պարոն Վարդանյան:

- Ո՞ւմ համար:

- Ձեզ:

- Իմ համա՞ր:

- Ձեր ու Ծառուկյանի միջև: Խոսակցություն չի լինի՞:

- Ձեր կարծիքով, եթե խնդիր պիտի առաջանա, նման քայլի կգնայի՞:

- Այսինքն, կարծում եք՝ Ծառուկյանը հանգիստ կհամակերպվի՞ դրա հետ:

- Դե, դա իր գործն է՝ կհամակերպվի, թե չի համակերպվի: Ես չեմ ուզում ինտերվյու տամ. բայց դուք ավելորդ հարցեր եք ինձ տալիս: Ես ընդհանրապես ոչ մեկին դեռ հարցազրույց չեմ տվել: Ես անպայման մամլո ասուլիս եմ անելու, շատ բարձրաձայն բոլորդ կիմանաք ու բոլորիդ ուզում եմ հրավիրել և բոլոր հարցերի շուրջ բարձրաձայն խոսենք: Թաքցնելու որևիցե մի բան որևիցե մեկից, հատկապես լրատվությունից չունեմ: Կխոսեմ շատ անկեղծ, շատ սրտաբաց ու ի շահ մեր սպորտի հետագա նվաճումների: Այնպես որ, հիմա ինձ ավելորդ հարցեր մի տվեք: Հիմա ծանրաբեռնված եմ, թողեք աշխատեմ:

- Խնդիր չկա, բայց մի հարց էլ ճշտեմ, դուք ՀՀԿ անդամ դառնալու ե՞ք, թե անկուսակցական եք մնալու:

- Ոչ, չեմ դառնալու: Ես տարիներ առաջ անգիտակցաբար մտա կոմունիստական կուսակցության շարքերը և գիտակցաբար այնտեղից դուրս չեմ գալիս:

- Ինչպես, կոմունիստական կուսակցության անդամ եք մինչև հիմա:

- (Ծիծաղում է): Ասում եմ՝ անգիտակցաբար մտա, 1974 թվականին էր, հազար տարի առաջ էր: - Հա, բայց հիմա կոմկուսի անդամ չեք, չէ՞: - Չէ, իհարկե, չէ, ես երբեք չեմ մտնի, իմ դիրքորոշումը, ուղղվածությունը միանշանակ երբեք խեղաթյուրվող չի ու ես երբեք չեմ փոխում իմ դիրքորոշումը և ասեմ, որ ՀՀԿ չեմ դառնա:

- Պարոն Վարդանյան, բայց ձեր ու Ծառուկյանի հարաբերությունները ինչի՞ են այդպես լարված: Շատ հետաքրքիր է: - Կգա ժամանակը, դուք ամեն ինչ շատ պարզ, բաց կիմանաք: Ասուլիսի ժամանակ բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ: Հիմա եկեք փակենք խոսակցությունը, դրսից հյուրեր ունեմ, չեմ կարող երկար խոսել: «Այսքանով նորանշանակ նախարարի հետ մեր զրույցն ավարտվեց, իսկ նրա առաջին ասուլիսը, ինչպես երևում է, շատ հետաքրքիր է լինելու»,- հավելում է թերթը: