«ՀՀԿ-ում սկսվել է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակի հստակեցման փուլը: Մեր տեղեկություններով, առայժմ ակտիվ քննարկումներ են ընթանում, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկությամբ ընտրվող պատգամավորների մասնակցության «ձևաչափի» առնչությամբ, որպեսզի «և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ անվնաս»:
Ընդ որում, ռեյտինգային ցուցակում էական փոփոխություններ կլինեն՝ օլիգարխներին և թաղային հեղինակություններին կփոխարինեն նրանց հարազատներն ու մերձավորները, օրինակ, Մհեր Սեդրակյանին կփոխարինի նրա որդին: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այս հրահանգն «իջեցվել» է անմիջապես Բաղրամյան 26-ից:
Սա, իհարկե, չի նշանակում, թե օլիգարխներ ընդհանրապես չեն լինի, ոմանք, ինչպես պարզվում է, շատ ամուր են «նստած» խորհրդարանում, կարելի է ասել, անփոխարինելի են իշխանության համար։ Ապագա խորհրդարանը զերծ չի լինի նաև քրեաօլիգարխիկ տարրերից, որոնք այսպիսի վերջնագիր-դժգոհություն են դարձյալ ներկայացրել ՀՀԿ-ին։ «Ինչո՞ւ պետք է ընտրություններին այդքան փող ու ջանք թափենք ձեզ համար, եթե մեզ ԱԺ չեք բերելու»:
Լիովին այլ դիրքորոշում կա համամասնական ցուցակի պարագայում: Այստեղ պետք է լինեն ջահել, ցանկալի է՝ դրսում կրթված, միջին տարիքի անհատներ»,-գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: