Բարեգործական նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ Նախագահի դրամաշնորհի շրջանակում՝ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) ու «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
Նախաձեռնության շրջանակում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների առաջին կուրսի կուրսանտները և ազատամարտիկները տարվա ընթացքում պարբերաբար այցելելու են ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված 101 զինծառայողների ընտանիքներ` աջակցելու և սփոփելու զոհվածների հարազատներին: Մասնակցությունն այս բարեգործական նախաձեռնությանը նաև ապագա սպաների համար հերոս զինծառայողների ընտանիքների կողքին լինելու, սատարելու լավ հնարավորություն է:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ՀՀ նախագահի նստավայրում Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու պետական բարձրագույն պարգևների շնորհման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել էր նման նախաձեռնության իրականացումը՝ շեշտելով, որ այն կօգնի սփոփել որդեկորույս զինվորներին և միաժամանակ չափազանց կարևոր փորձ կլինի սպաների համար: