1920 թվականի հոկտեմբերի 30-ին Հայոց միջնադարյան մայրաքաղաք Կարսը առանց ոչ մի դիմադրության գրավվեց քեմալական Թուրքիայի զորամիավորումների կողմից: Այս մասին շատ է գրվել, և պատմության այդ դաժան դասը մենք պետք է որ լավ սերտած լինեինք: Ստորև ներկայացնենք երկու հատված՝ այդ օրերին կատարվող իրադարձությունների անմիջական ականատեսների հուշերից:
Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյան. «Մի կողմից` ծայր աստիճանի հոգնած, քայքայված և խաղաղության կարոտ հայ ժողովուրդը ուզում էր հավատալ բոլշևիկների հավաստիացումներին, թե ռուսները թույլ չեն տա թուրքերին նոր կոտորածներ անել Հայաստանում, մյուս կողմից` հայ ժողովուրդը, տեսնելով, որ իր դեմ կռվում են և’ թուրքերը, և’ ռուսները, և ինքն իր փոքր ուժերով անկարող է դիմադրել այդ երկու հսկա պետություններին, վհատվել էր ու մատնվել բարոյալքման»:
Հայաստանի Հանրապետության հանրային խնամատարության և աշխատանքի նախարար Արտաշես Բաբալյան. «Մեր բարձր հրամանատարությունն ու սպայակույտը ռուսական կողմնորոշում ունեցող մարդկանց ձեռքում էր: Զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանը, Հախվերդյանը և այլք մի՞թե նվիրված էին մեր անկախությանը: Նրանցից շատերը շատ լավ հայեր էին, բայց անկախ Հայաստանը համարում էին ժամանակավոր մի երևույթ, որը պիտի չքանար ռուսական ազդեցության տակ: Անկարան գործում էր Մոսկվայի համաձայնությամբ: Բոլշևիկյան զորքը, օգտվելով մեր պարտությունից, կարողացավ ներս խուժել մեր երկիրը և վերջնականապես քանդել մեր այնքան դժվարությամբ կառուցած Անկախության շենքը»:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: