«Ամբողջ հանրապետության տարածքում սկսվել է անձնագրերի տվյալների հավաքագրման գործընթաց»,- այս մասին այսօր Ազգային Ժողովում Կառավարություն-Աժ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը :
«Բանը հասել է նրան, որ առանձին դպրոցներում ծնողական ժողովների ժամանակ ուղղակիորեն տարվում է նախընտրելի թեկնածուի քարոզչություն: Նաև ղեկավարության կողմից օգտագործվում է վարչական ռեսուրս»,- ասաց պատգամավորն ու դիմեց կառավարությանը, թե արդյոք գործադիր մարմնում տեղյակ ե՞ն այդ գործընթացներից և եթե տեղյակ են ի՞նչ են պատրաստվում անել դրա դեմ :
Ռուբիկ Հակոբյանի հարցին ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց.« Այս բարձր ամբիոնից և պատեհ առիթով հայտարարում եմ, որ գործադիր իշխանության բոլոր օղակների հստակ հանձնարարական է տրված»,- և հավելեց, որ պատգամավորի կողմից թվարկված դեպքերը պետք է իսպատ վերանան մեր երկրից:
«Եվ եթե մենք կհայտնաբերենք որևիցե կոնկրետ դեպք , որ գործադիր իշխանության մարմինը անձնագիր է հավաքում ինչ-ինչ նպատակներով` կապելով դա ընտրությունների հետ, այդ մարդիկ խստագույնս պատժվելու են»,- առանձնացրեց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հավելեց, որ կրթության և գիտության նախարարությունը վերահսկողություն է սահմանել, որ ընտրությունների ժամանակ որևէ միջամտություն չլինի.«Այդպիսի արջի ծառայություն մեզ պետք չէ»,- շեշտեց գործադիր մարմնի ղեկավարը:


