Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը նշել է. «Հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա և վերցրել են պատանդներ: Սպանվել է ոստիկանության գնդապետ: Մեր բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա բոլոր զինակից ընկերներին:
Այն, ինչ տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդում, անթույլատրելի և դատապարտելի է, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների. այն վտանգավոր և անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է և իշխանությունն ամեն ինչ անում ու անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»: