Քիչ առաջ հուլիսի 17-ից ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման տղաները հայտարարեցին, որ նախնական համաձայնություն են ձեռք բերել իշխանությունների հետ, այն է՝ իրենք ազատ կարձակեն պատանդ պահվող ոստիկաններին, բայց դրա փոխարեն գնդի հարակից տարածքում՝ չեզոք գոտում, կստեղծեն մամուլի կենտրոն:
Այս հայտարարությունից հետո հասարակության մեջ կարծիքներ շրջանառվեցին, որ այդ քայլը սխալ է, և այն կարող է վտանգել տղաների անվտանգությունը:
NewsBook-ի հետ զրույցում ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն առաջնահերթ նկատեց, որ իրենք են ժողովրդի անվտանգությունը, և ոչ ոք չի կարող իրենց անվտանգությունը վտանգի տակ դնել:
«Եթե իրենք փորձեն մեզ վրա գրոհել, դա կլինի իրենց գլխին երկրորդ շուլուխը»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով պատանդ պահվող տղաներին ազատ արձակելուն՝ վերջինս նշեց, որ դա մի նպատակ ունի, որպեսզի կռվի ժամանակ ոտքի տակ չընկնեն:
«Մենք էն տեսակը չենք, որ պատսպարվենք պատանդների հետևում: Եթե այս պահին փորձեն գրոհել, իհարկե, Վովան (նկատի ունի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին- խմբ.) մի անգամ սպառնացել է, ու ես երազում եմ՝ գրոհի, որ մի հատ պատժեմ: Հիմա իմ ձեռքն ու ոտքը կապված է, որ հանկարծ չվնասեմ մեր էն երիտասարդ ոստիկաններին, որոնք վահան, ապուշ բութ գործիք են ծառայում համակարգին»,- մեկնաբանեց վերջինս:
Պավլիկ Մանուկյանը ոստիկանների ծնողներին խնդրեց հետ պահել իրենց տղաներին այնտեղից, քանի որ, եթե ժողովրդի մազը ծռվի, իրենք ոչ ոք ու ոչինչ հետ չի պահի գրոհից:
«Թող բոլորն ի գիտություն ընդունեն՝ չկա մի այնպիսի կետ, որ ես փոխարինեմ ժողովրդի սիրո հետ»,- ընդգծեց ազատամարտիկը: