Յուրաքանչյուր նման ցուցահանդեսային միջոցառման բաղկացուցիչ մաս հանդիսացող գործարար ծրագիրը կարևոր նշանակություն ունի մասնակիցների, այցելուների և ոլորտի փորձագետների միջև կապերի հաստատման առումով: Գործարար ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպումները լայն հնարավորություններ են ստեղծում նորարարական տեխնոլոգիաների և առաջավոր փորձի փոխանակման համար:
«ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի գործարար ծրագիրը կմեկնարկի լիագումար նիստի և «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում: Միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովի անցկացմամբ: Միջոցառմանը, որի կազմակերպիչն է Ծրագրային կոմիտեն, նախատեսված է ինչպես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, այնպես էլ ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Կանցկացվեն նաև ցուցահանդեսի գործարար ծրագրի մաս կազմող այլ միջոցառումներ ևս. գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ:
Համաժողովի մասնակիցների քննարկմանը կներկայացվեն ռազմարդյունաբերական ոլորտի` կառավարման ավտոմատ համակարգերի, հաղորդակցման կապի միջոցների և համակարգերի, ռոբոտատեխնիկական սարքավորումների, լազերային տեխնոլոգիաների, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումների և համակարգերի, կիբեռանվտանգության հետ կապված, ինչպես նաև թեմատիկ այլ հարցեր:
Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ ՀՀ պաշտպանության նախարարության փոխգործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման և գործարար կապերի հաստատման ու զարգացման համար:
Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսն անցկացվելու է 2016թ. հոկտեմբերի 13-ից 15-ը «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում: