Պաշտոնական գրանցումից հետո տեղի է ունեցել «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» կուսակցության վարչության առաջին նիստը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամլո ծառայությունից:
Օրակարգում եղել է մեկ հարց՝ «Սասնա ծռեր» խմբի շուրջ և երկրում ստեղծված իրավիճակը:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝
1. Բացառել խնդրի լուծման ուժային տարբերակը:
2. Անհապաղ լուծել «Սասնա ծռերի» անդամների սննդի, բուժօգնության խնդիրները: Սա էապես կլիցքաթափի լարվածությունը հասարակության մեջ:
3. Թույլ չտալ հասարակության և ոստիկանության միջև թշնամանքի զարգացման միտումները: Այդ ուղղությամբ անել անհրաժեշտ քայլեր` ապահովելով խաղաղ ցույցերի և երթերի լիակատար անվտանգությունը։ Որպես բարի կամքի դրսևորում՝ առաջարկում ենք կարճել ոստիկանության հետ բախումների ընթացքում ցուցարարների դեմ հարուցված քրեական գործերը:
4. Ջանքեր գործադրել՝ նպատակ ունենալով գտնել հանրության համար ընդունելի և խաղաղ հանգուցալուծում։ Մենք ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ստեղծված իրավիճակն արդյունք է իշխանությունների վարած քաղաքականության։ Ակնհայտ է, որ հանրային լայն պահանջ կա երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար։ Կոչ ենք անում մեր կուսակիցներին և համակիրներին ցուցաբերել քաղաքացիական ակտիվություն՝ մասնակցելով բոլոր տիպի խաղաղ հավաքներին ու միջոցառումներին։