«Առավոտ» թերթը գրում է. «Զինված խմբի հարձակումը ՊՊԾ գնդի վրա, որքան հասկանում եմ, հետապնդում էր հետևյալ քաղաքական նպատակը. դա այսպես ասած, «Ավրորայի» համազարկ պիտի լիներ հեղափոխության համար: Ըստ մտահղացման՝ հարյուր հազարավոր մարդիկ, ոգևորված ոստիկանական շենքի զինված գրավումից, պետք է դուրս գային փողոց և պարտադրեին նախագահի հրաժարականը: Այնուհետև փողոցում, զինյալների հսկողությամբ, կձևավորվեր ժամանակավոր կառավարություն, որը և կտաներ մեզ դեպի ժողովրդավարություն և բարգավաճում: Սա էր, եթե ֆիդայական հեռտորաբանությունը մի կողմ դնենք, զինված խմբի «քաղաքական թևի» ծրագիրը:
Ինչու այն, առայժմ՝ համենայնդեպս, կյանքի չի կոչվում: Ինձ թվում է նույն պատճառով, որով «հրացանավոր մարդիկ» որոշեցին իրենց ձեռքը վերցնել և «ներքին թուրքին ոչնչացնելով»՝ որոշել Հայաստանի բախտը՝ քաղաքական համակարգի ամլության պատճառով:
Այդ հարյուր հազարավոր մարդիկ պարզապես զինյալների նկատմամբ համակրանքից ելնելով՝ փողոց դուրս չեն գա։ Նրանք դուրս չեն գա երկրի վիճակից ծայրահեղ դժգոհություւնից կամ նույնիսկ իշխանության նկատմամբ ատելությանից ելնելով և կգերադասեն իրենց մաղձը թափել համացանցում։ Մարդիկ դուրս կգան փողոց քաղաքական պահանջներով՝ միայն այն դեպքում, երբ նրանց առաջնորդեն իրենց վստահությունը վայելող քաղաքական ուժեր։
Այդ համակարգը ավտոմատներով չես ստեղծի, դա շատ նուրբ, միաժամանակ շատ քրտնաջան ամենօրյա աշխատանք է։
Մենք տեսնո՞ւմ ենք այդ քաղաքական ուժերին Ազատության հրապարակի կամ Խորենացու փողոցների հարթակներում։ Կարծես թե՝ ոչ։ Այնտեղ, իհարկե, կան շատ լավ, շատ համակրելի մարդիկ, որոնք արտասանում են երբեմն շատ ճիշտ ճառեր, բայց նրանք չեն ներկայացնում ուժ, որովհետև օժված չեն քաղաքական հայացքների համակարգով, որը պետք է հավաքվածների մեջ արթնացնի ընդհանուր գործի, ընդհանուր նպատակի զգացողությունը։
Իհարկե, այստեղ էլ մեղավորը իշխանությունն է, որը 21 տարվա ընթացքում չի ցանկացել արդար ընտրություններ անցկացնել, իսկ քաղաքական համակարգը ստեղծվում և հղկվում է ընտրությունների միջոցով։ Բոլոր մնացած դեպքերում իշխում է տարերքը։ Այս դեպքում ՝ շատ վտանգավոր»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: