Մամաս էսօր խնդրում ա, որ գնամ հաց առնեմ ու բերեմ տուն, սակայն կտրականապես մերժեցի` ո՛չ թե նրա համար որ ես իր ասածը չեմ լսում կա՛մ չեմ հարգում, այլ որովհետև վերջին իրադարձություններից հետո հասկացա, որ հաց առնելու ու տեղափոխելու համար կարող եմ ենթարկվել քրեական պատասխանատվության, լավագույն դեպքում` ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) հոդվածի համաձայն։ Ընդամենը վերջերս բոլորով ականատես եղանք այս անհեթեթությանը երբ քաղաքացի Արթուր Սարգսյանը` Սասնա Ծռեր խմբավորման անդամներին հաց տանելու համար` կալանավորվեց և ենթարկվեց քրեական պատասխանատվության, Արթուր Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ( պատանդ վերցնելը ) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը ) հոդվածներով:
Ուղղակի ապշած եմ այն բանի համար, որ Հայաստանի Հանրապետությունում հաց, սնունդ տեղափոխելը դարձել է քրեորեն պատժելի, իսկ շուտով էլ երևի՞ հաց ուտելը կորակավորվի որպես թմրանյութերի ապօրինի կերպով ձեռք բերում և օգտագործում։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ Արթուր Սարգսյանը ներկայումս իր կատարած գործողությունների համար ենթարկվել է անօրինական ու անարդարացի մեղադրանքների, քանզի նրա կատարած գործողությունները կարող էին որակավորել միայն որպես` հասարակական կարգի խանգարում կա՛մ առնվազն ոստիկանության գործողությունների խոչընդոտում։
Օրինակ բերեմ մի ՀՀ քրեական օրենսգրքի հոդված, որում մասնավորապես ասվում է` Անօգնական վիճակում գտնվող անձին կա՛մ անձանց օգնություն չցուցաբերելը և անօգնական վիճակում թողնելը պատժվում է ազատազրկմամբ, իսկ որևէ մեկը ինչո՞ւ չի ասում` հարգելի Արթուր Սարգսյանը` կեցցես եղբայր` քանզի երբ Հայաստանի Հանրապետության բոլոր կառույցները անզոր էին կամ էլ ուղղակիորեն չէին կատարում մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործողություններ և օրեր շարունակ անօգնական վիճակում են թողել` ինչպես Սասնա Ծռեր խմբավորման անդամներին այնպես էլ իրենց գործընկերներին, որոնք պատանդներ էին և նույն պես գուցե՞ սննդի կարիք ունեին, դու կատարեցիր քո քաղաքացիական պարտքդ և անօգնական վիճակում չթողեցիր քո հայրենակիցներին։ Տեսնելով միջազգային նորմերով և տարբեր կոնվենցիաներով նախատեսված սննդամթերքի ապահովման իրականացման հարցի անկարողությունը Արթուր Սարգսյանը իր քաղաքացիական ու մարդասիրական պարտքն է կատարել և օգնություն և ցուցաբերել անօգնական վիճակում գտնվող սոված հայրենակիցներին ինչպես ոստիկանության այնպես էլ Սասնա Ծռեր խմբավորման տղաներին։ Վստահ եմ իր տարած սննդից պատանդներին էլ բաժին հասած կլինի և միայն զուտ դրա համար իրավապահ մարմինները պետք է դրսևորեն օբյեկտիվ և մեղմացուգիչ վերաբերմունք Ա. Սարգսյանի նկատմամբ, նա ուղղակի կատարել է մարդասիրական օգնության դրսևորման ակտ, որը ո՛չ թե պատժելու ենթակա է, այլ խրախուսելու` քանզի այդ օրերին չգտնվեցին որևէ կառույցների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ` որոնք կանեին Ա. Սարգսյանի փոխարեն այդ գործողությունը, որը ո՛չ թե քրեորեն պատժելի է այլ մարդկային առումներով խրախուսելի և գովելի։

Էմիլ Մարկոսյան