Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել և նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Այնուհետև, նրանց կալանավորելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ այցելել և ՀՀ արդարադարատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձին հանդիպել է ինչպես Ա. Մարտրիրոսյանին, այնպես էլ Դ. Սանասարյանին:

2016 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմում են հասցեագրել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունը Ա. Մարտիրոսյանի և Դ. Սանասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու հարցում:

Հաշվի առնելով Ա. Մարտիրոսյանի և Դ. Սանասարյանի հետ առանձնազրույցների արդյունքները, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության դիմումի հանգամանքները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Այնուհետև, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում Ա. Մարտիրոսյանի և Դ. Սանասարյանի հայտնած բոլոր տեղեկությունները սահմանված կարգով ամփոփվել և այսօր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ քրեական գործի նախաքննության շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:

Մեր կողմից կատարված գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ուղարկվել են նաև Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին: