«Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի մայրը հայտարարությամբ է հանդես եկել.

«Հարգելի լրագրողներ և ՀՀ ազատ քաղաքացիներ: Ձեզ է դիմում Արայիկ Խանդոյանի մայրը՝ Ռիմա մայրիկը: Մեր համար առաջին խնդիրը պետք է լինի հնարավորինս բանտերն ազատել քաղբանտարկյալներից, որովհետև Արցախյան գոյամարտի ժամանակ և ապրիլյան պատերազմի օրերին իմ որդիները պաշտպանելով և ազատագրելով հայրենի հողը, միայն մեկ նպատակ են ունեցել՝ ինքնիշխան, ազատ, արդարադատ Հայաստանում ապրելու և արարելու: Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, հենց քաղբանտարկյալների, գաղութացման և Արցախի հողերի հանձնման լրջագույն խնդիրը մեզ բերեց և կանգնեցրեց հուլիսի 17-ի դեպքերին, մենք դեմ դիմաց առնչվեցինք այն կեղտի հետ, որ 25 տարուց ավել կեղեքում է իմ տղաների երազած Հայաստանը: Իմ կրտսեր որդին՝ Արարատ Խանդոյանը այսօր քաղբանտարկյալ է, այդպես էլ ոստիկանությունը և դատարանը չի կարողանում ապացուցել իմ որդու մեղավորությունը: Մեր փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան, դատը տեղի կունենա օգոստոսի 10-ին ժամը 15:30-ին, հասցեն՝ Գ. Նժդեհի փողոց, ես անձամբ իմ ընտանիքի անդամների հետ լինելու եմ այնտեղ: Խնդրում եմ Ձեր ֆիզիկական ներկայությամբ քաջալերեք ինձ և իմ ընտանիքին: Ես հավատում եմ, որ մեր միասնականություն պայքարը բերելու է հաղթանակներ»: