«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունում երկու հոգևորականներ են աշխատում, որոնք շաբաթը մեկ-երկու անգամ լինում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակում և մեղքերի թողություն տալիս ոստիկանապետին։

Մեր թղթակիցը հարցում էր ուղարկել ոստիկանության ճշտելու ՀՀ ոստիկանության հաստիքացուցակում կա՞ն հոգևորականներ, եթե այո՝ ովքե՞ր են նրանք և ո՞րն է վերջիններիս ֆունկցիան, արդյոք շաբաթը 1-2 անգամ հանդիպո՞ւմ են ոստիկանության պետի հետ։ Որքա՞ն է նրանց աշխատավարձը, ի՞նչ պարբերականությամբ են ՀՀ ոստիկանապետին մեղքերի թողություն տալիս։ Երեկ ստացանք այս պատասխանը. «ՀՀ ոստիկանությունում հոգևորականների հաստիք սահմանված չէ 2013թ. փետրվարից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ է նշանակվել Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը: Բացի այդ, 2013թ. սեպտեմբերից նրա օգնական Տեր Վրթանես քահանա Բաղումյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պայմանագրային հիմունքներով դասավանդում է Հայ եկեղեցու և կրոնի պատմություն։ Ինչ վերաբերվում է հայցվող այլ տվյալներին, ապա դրանց տրամադրումը մերժվում է, քանի որ չեն հանդիսանում տեղեկություններ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: