Սիրելի ընկերներ, ինչպես գիտեք, ես հուլիսի 19-ից ձերբակալվել եմ և գտնվում եմ ԱԱԾ-ի մեկուսարանում:
Հուլիսի 17-ի առավոտյան ոստիկանները այցելեցին իմ բնակարան՝ առանց որևէ որոշման և պատվիրում էին ինձ իրենց հետ գնալ ոստիկանություն, որպեսզի օգնեմ ԱԱԾ-ին: Տեղյակ չլինելով, թե ինչի շուրջ պետք է ծավալվի զրույցը, ես հրաժարվեցի դուռը բացել՝ պատճառաբանելով, որ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ ԱԱԾ-ին օգտակար լինել: Որոշ ժամանակ անց նրանք հեռացան:
Հուլիսի 18-ին ինձ և երկու մեծ աղջիկներիս Խորենացի փողոցից՝հանրահավաքի վայրից բերման ենթարկեցին ոստիկանություն և ապօրինի կերպով պահեցին 5 ժամից ավել և միայն փաստաբանի միջամտությամբ ազատ արձակվեցինք:
Հունսիս 19-ին գնացել եմ Civilnet, հարցազրույց եմ տվել և վերադարձել եմ տուն: Այդ օրը չեմ գտնվել հրապարակում:Ժամը 2000-ին ԱԱԾ-ի աշխատակիցները եկան իմ բնակարան և մոտ 6 ժամ խուզարկություններ կատարեցին իմ և զոքանչիս բնակարաններում, ավտոտնակում և իմ երկու մեքենաներում, որից հետո ինձ ձերբակալեցին:
22.07.2016թ. <<Սասնա Ծռեր>>խմբավորման անդամներին օժանդակելու մեղադրանքով ինձ մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 38-218-րդ 3-րդ մասով՝ պատանդներ պահելուն օժանդակելու և 38-219-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զավթած շենք շինություններ պահելուն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի ինձ են մեղսագրվել հետևյալ գործողությունները.
1. Որ ես խմբի անդամից տեղեկանալով դեպի գունդը տեխնիկայի շարժի մասին ստացված տեղեկությունը հրապարակել եմ և դրանով խափանել գրոհը տղաների վրա:
2. Որ ես միջոցներ եմ ձեռնարկել Ազատության Հրապարակում հավաքի մասնակիցներին գնդի մոտակա տարածք տեղափոխելու համար:
3. Որ ես ապատեղեկատվություն եմ տարածել, որ իրավապահ մարմինների տրամադրած սննդից զինված խմբի անդամները թունավորվել են, և այս անելով ես վարքաբեկել եմ իրավապահ մարմիններին:
4. Որ ես ձգտել եմ <<Սասնա ծռերի>> համար դրսից ապահովել ռադիո կապ:
Մեղադրանքը ամբողջովին անհեթեթ է և արհեստական: Ես այս նշված գործողությունները չեմ կատարել, բայց նույնիսկ եթե կատարած լինեի դրանք քրեորեն պատժելի չեն: Առաջին երեք կետերը վերաբերում են տեղեկություն տարածելուն, որը իմ ազատ խոսքի իրավունքն է: Իսկ վերջին կետը խոսում է այն բանի մասին, որ ես ձգտել եմ ռադիոկապ ապահովել, որը բացարձակ իրավաբանությանը ծանոթ դրույթ չէ, քանի որ անձանց ձգտումների, կամ որ նույնն է ցանկությունների համար մեղադրանք չեն առաջադրում:
Սա առաջին դեպքը չէ, որ ես իմ քաղաքական հայացքների համար հետապնդվել եմ: Ես ցուցաբերել եմ քաղաքական և քաղաքացիական ակտիվություն սկսած Մաշտոցի պուրակից մինչև այս վերջին դեպքերը: Այս մեղադրանքները կարդալիս, դուք ինքներդ կարոք եք տեսնել և համոզվել, թե ինչքան շինծու են դրանք: Այս քրեական գործը ունի մեկ նպատակ` ինձ մեկուսացնել պայքարի դաշտից, որպեսզի գլխատվի և ճնշվի շարժումը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը խնդրում եմ ամեն հարմար առիթի դեպքում Ձեր ձայնը բարձրացնել այս ակնհայտ անօրինականության համար, խնդրում եմ, որպես բողոքի նշան փոքրիկ նամակ ուղարկել Ֆեյսբուքյանի իմ էջին՝ սատարելով ինձ …
Կարո Եղնուկյանի ֆեյսբուքյան էջից: