Մերձմոսկովյան Սոլնեչկոգորսկում, տաքսու հայ վարորդը փոքր երեխային հանել է այրվող ավտոմեքենայից:

Երեխաների հայրը մեքենան կանգնեցնելով բակում՝ բարձրացել էր բնակարան, իսկ երեխային թողել ավտոմեքենայում: Արդեն բնակարանում՝ Վյաչեսլավը պատահաբար պատուհանից տեսել է, որ իր մեքենան բոցերի մեջ է:

«Ես ավարտել էի պատվերս ու վերադառնում էի, երբ տեսա «Նիվա», որից ծուխ էր դուրս գալիս,- այդ օրվա իրադարձություններն է հիշում տաքսու 38-ամյա վարորդ Արա Ջանասլանյանը, որը ծնունդով Հայաստանից է,- Մեքենայի շուրջ մարդիկ էին հավաքվել, բայց ոչ ոք ոչինչ չէր ձեռնարկում: Մարդիկ խոսում էին, որ մեքենայում կարծես երեխա կա: Լսելով այդ մասին՝ ես միանգամից մոտեցա մեքենային, բայց ծուխի պատճառով չէի կարողանում որևէ բան տեսնել, իսկ հետևի նստատեղում արդեն կրակ էր բռնկվել»:

Տղամարդը բացել է մեքենայի առջևի դուռը, բայց վարորդի ու ուղևորի նստատեղին ոչ մեկին չէր գտել: Այդ ժամանակ նա որոշել է ստուգել «Նիվայի» հետևի նստատեղը, չնայած արդեն ինքն էր խեղդվում ծխից: Տուժած երեխային տարել են վերակենդանացման բաժանմունք: