«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Օգոստոսի 21-ին Տեր Հովհաննես աբեղա Սահակյանը Գարեգին Բ-ի ծննդյան օրվա առիթով բաց նամակ էր գրել, որը բուռն քննարկումների պատճառ դարձավ: Հովհաննես աբեղա Սահակյանը՝ այժմ արդեն Վարդգես Սահակյանը, գրել էր, որ հոգևորական եղած տարիներին իրեն հոգևորական չի զգացել: «Ձեր կողմից ղեկավարվող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց, քանզի Ձեր նյութական և փարիսեցիական աշխարհայացքն երբեմնի ծաղկող և հայության քաղցր օրորոց համարվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգևոր անապատի՝ լեցուն օձերով և կարիճներով:
Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարվա ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են… Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայություն է լեփ լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում: Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին»,- իր նամակի առաջին տողերն այսպես է շարադրել Վարդգես Սահակյանը` նշելով, որ բայց և այնպես, Եկեղեցում դեռևս կան անաղարտ հոգևորականներ, քանզի Աստված թույլ չի տա, որ Առաքելական մեր եկեղեցին վերածվի օբյեկտի:
«Կան Միքայել վարդապետներ և Միքայել եպիսկոպոսներ, որոնք իրենց ուսերի վրա, հուսով եմ, կկարողանան տանել գարեգինյան այս խավար ժամանակների անասելի ծանր բեռը: Ես Գերմանիայում խնամում եմ իմ հիվանդ ծնողին, որն իմ պարտականությունն է ոչ միայն իմ ծնողի, այլև Աստծո առջև: Ձեզանից օգնություն չեմ խնդրել, քանզի Ձեզ ճանաչող մարդիկ Ձեզանից երբեք օգնություն չեն խնդրի…Մանրամասներ չեմ պատմում՝ գայթակղություն չհանդիսանալու համար ազնիվ հավատացյալների համար: Չհրամայեք Ձեր վկաներին` պատասխանել իմ անստորագիր և էլեկտրոնային նամակին, ես շատ ավելին գիտեմ, քան դուք կարող եք պատկերացնել… Գիտեմ յուրաքանչյուրի կենսագրությունն՝ ըստ ամենայնի:
Հուսով եմ մնաք բարովի իմ խոսքերը չեն տրտմեցնի ձեզ: Դուք գիտեք` Դուք ով եք…
Մաղթում եմ Ձեզ ոչինչ, քանզի այն ինչ դուք ունեք, ոչինչ է՝ դրամ, ոսկի, թանկարժեք քարեր…»,- իր նամակը եզրափակել է կարգալույծ արված հոգևորականը:
Այսօր ողջ օրը փորձեցինք Մայր Աթոռից պարզաբանում ստանալ նախկին հոգևորականի կարգալույծ արվելու հանգամաքների մասին, սակայն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարի հետ խոսել չհաջողվեց:
Վարդգես Սահակյանն իր կարգալույծ լինելու մասին որևէ բան չի նշում, սակայն Armtimes.com-ի տեղեկություններով, Սահակյանը կարգալույծ է արվել այն բանից հետո, երբ առանց հոգևորականի հանդերձանքի, մեկ այլ հոգևորականի հետ, որը նույպես կարգալույծ է արվել, հուլիսի 29-ի գիշերը եղել է Խորենացի փողոցում:
Վարդգես Սահակյանին և նրա ընկերոջը տեսել են ուղիղ հեռարձակման ժամանակ: Այդ կադրերը վճռորոշ են եղել 2001 թվականից հոգևորականի կյանքով ապրող Վարդգես Սահակյանի համար»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: