«Ես ամեն օր տեսնում եմ իրեն, ամեն օր այցելում եմ դատապարտյալների հիվանդանոց, իր այցելությունների վրա արգելանք է դրված, ու միայն պաշտպանն իրավունք ունի ացելելու»:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (շենք, շինություններ զավթելն ու ապօրինի զենք կրելը, իրացնելը, պահելը): Որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը: Որոշումը փաստաբան Հայարփի Սարգսյանի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում: Վիրահատությունից անմիջապես հետո Հովհաննեսին «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»:
«Իր վիճակը նույնն է, ցավերի մեջ, ոտքը ցավում է, գիշերները չի կարողանում քնել, 4 օր վիրակապը չէին փոխել, միայն երեկ էին վիրակապել, բժշկի հետ խոսեցի, ասում է՝ տարբեր դեպքերի ժամանակ տարբեր օրեր են փոխում վիրակապերը: Բացի այդ, չորրորդ օրն է Հովհաննեսը չի կարողանում շարժել ոտքի մատները, փորձեցի բժշկից ճշտել, բորբոքվեց, ասում է՝ թողեք աշխատենք, դուք մեզ խանգարում եք: Բայց ես պաշտպանն եմ, չէ՞, պետք է հետաքրքրվեմ, թե օրինակ ինչո՞ւ է վիրահատությունը ձգձգվում: Հովհաննեսն էլ էր հարցեր տվել, բժիշկը չէր պատասխանել, ուղղակի լռել էր»,- դժգոհում է փաստաբանը:
Փաստաբանի խոսքով՝ սկզբում խոստացել էին Հովհաննեսին վիրահատել մինչեւ այս շաբաթվա վերջը, հիմա մտափոխվել են եւ ասում են՝ վիրահատելու են 10 օրից:
«Իսկ Հովհաննեսի մայրիկին ասել են՝ երկու շաբաթից են վիրահատելու: Գիտեք, ես ոչ մեկի աշխատանքը չեմ ուզում դնել կասկածի տակ, բայց ես ամեն օր այցելում եմ ու տեսնում՝ ինչպես է տանջվում Հովհաննեսը, ես ասում եմ այն, ինչ կա, իրենք ուրիշ կերպ են ներկայացնում, ուստի ես միտում եմ տեսնում, այստեղ դիտավորություն կա, ես հետեւողական եմ լինելու, որոշակի քայլեր կան, որոնք իրականացվելու են, սակայն դրանց մասին առայժմ չեմ ուզում խոսել»:
Հովհաննեսը 2 հրազենային վիրավորում է ստացել սրունքի հատվածում, աջ ոտքի ազդրի հատվածում:
«Ես սա համարում եմ խոշտանգում, իսկապես իմ պաշտպանյալը խոշտանգվում է, ես այսքան բարձրաձայնում եմ, որեւէ արձագանք չկա: Պահանջել եմ այս ամենից ելնելով վիրահատությունն իրականացնել քաղաքացիական հիվանդանոցում, եթե վիրահատությունն իրականացվի դատապարտյալների հիվանդանոցում, եւ բարդություններ առաջանան, դա ուղղակի դիտավորություն կլինի: Դիմել եմ արդարադատության եւ առողջապահության նախարարություններ, ՄԻՊ-ին եմ դիմել, հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին եմ դիմել:
Թե ես եւ թե Հովհաննես Հարությունյանը կասկած ենք հայտնել, որ դիտմամբ է արվում: Մենք համոզված չենք, որ դատապարտյալների հիվանդանոցում կա վիրահատության համար անհրաժեշտ բուժսարքավորումներ, ուստի պահանջ ենք ներկայացրել, որպեսզի վիրահատությունը տեղի ունենա քաղաքացիական հիվանդանոցում, հակառակ դեպքում բարդությունների դեպքում ողջ պատասխանատվությունը կրելու են նշված կառույցների ղեկավարները»,- փոխանցեց Հայարփի Սարգսյանը: