«Հրապարակ» թերթը գրում է.
«Անշուշտ, դեռ մի փոքր վաղ է ասել, որ ընդդիմությունն աշնանային ընտրություններում չկարողացավ համախմբվել և ընդհանուր պլատֆորմով հանդես գալ՝ ընդդեմ իշխանական ուժերի։ Բայց, դատելով ՏԻՄ ընտրությունների հետ կապված գործընթացներից, արդեն կարելի է պնդել, որ նախընտրական դաշինքներ, ալյանսներ չեն ձևավորվի։ Մինչդեռ իշխանության ներկայացուցիչն ամիսներ առաջ մեզ հետ զրույցում չէր թաքցնում տագնապը Գյումրիի և Վանաձորի ընտրությունների հետ կապված և ասում էր. «Եթե «ԳԱԼԱ»-ի Վահանն ու «Ասպարեզի» Լևոնը համաձայնության գան, մենք կկորցնենք Գյումրին»։
Թեև իշխանությունն ամեն ինչ արեց, որ կանխի Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու հավանականությունը, և հատկապես այդ նպատակով փոխվեց օրենքը, ու ներդրվեց կուսակցական ցուցակներով ավագանի, ապա՝ ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու սկզբունքը, բայց վտանգը շարունակում էր կախված մնալ իշխանության գլխին։ Վանաձորն ու Գյումրին ընտրություններում, որպես կանոն, իշխանությանը ձայն չեն տալիս, և քաղաքապետերի իշխանական թեկնածուներն ի սկզբանե շատ փոքր շանսեր ունեին։ Բայց այդ շանսերը, կարելի է ասել, կհավասարվեին զրոյի, եթե ընդդիմադիր մի քանի ուժեր կարողանային հաղթահարել իրենց տարաձայնությունները և միասնական հանդես գալ ՏԻՄ ընտրություններում։ Ի ցավ հասարակության և հուրախություն իշխանության, դա տեղի չունեցավ։ Ոչ Գյումրիում կայացավ ընդդիմության համախմբումը, ոչ Վանաձորում։ Արդեն կարելի է պնդել, որ բոլոր հին ու նոր, մանր ու մեծ ընդդիմադիր կուսակցություններն այս քաղաքներում հանդես են գալու առանձին– առանձին։ Հնարավորություն տալով ֆինանս, ադմինիստրատիվ ռեսուրս, հզոր լծակներ ունեցող Հանրապետականին՝ հատ-հատ պարտության մատնել իրենց»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: