Կեցցե՜ ապստամբության սրբազան իրավունքը
Վարուժան Ավետիսյան, ՛՛Սասնա Ծռեր՛՛ խմբավորման խոսնակ
23 օգոստոսի 2016թ., Վարդաշեն ՔԿՀ
Մեր երկիրը զավթած ներքին թշնամին և նրա օտար տերերը հասկանում են, որ ս.թ. հուլիսի 17-ին ՛՛Սասնա Ծռերի՛՛ սկսած ապստամբությունը նորանոր ալիքներ է ունենալու:
Ուստի նրանք հետևողականորեն ձգտում են ստեղծել ապստամբության սրբազան իրավունքը կասկածի տակ առնելու և նույնիսկ դատապարտելի համարելու և մերժելու տրամադրություններ:
Նրանք ձգտում են մեզ ներչնչել, թե ՛՛քարի մեջ արյուն կա՛՛ և վախեցնել, որ ՛՛եղածն էլ կկորցնեք՛՛:
Սակայն նրանց ջանքերը զուր են: ՛՛Սասնա Ծռերի՛՛ զինված ընդվզման կայծը վառել է ժողովրդի ոգու կրակը, և նա այլևս իր էպոսի մեջ է:
Ժողովուրդը գիտակցում է, որ մեր պարագայում ապստամբության իրավունքը ոչ միայն այս պահին ապրողների, այլև սերունդների ազատ և արժանապատիվ կյանքի, ազգային ապագայի, պետականության և Հայրենիքի իրավունքների երաշխիք է: Նա ոչ միայն հասկանում է, որ ՛՛քարի մեջ արյուն կա՛՛ և ՛՛եղածն էլ կկորցնեք՛՛ ասողներն իրականում ուզում են քարով ջարդել մեր գլուխը և եղածն էլ խլել մեզանից, այլև արդեն սարսափահար է արել Ցռան Վերգոյին, և իր Թուր Կեծակին է բարձրացնում ՛՛Մսրա Մելիք՛՛ համակարգին մեջտեղից կիսելու համար:
Կեցցե՝ ապստամբության սրբազան իրավունքը և այն էպոսային Հայքը, որ վաղն է գալու: