«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ այսօր փաստացի Ալիևն է դարձել մեզ համար անցանկալի լուծումը վիժեցնելու երաշխավորը։ Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե 7, այլ 12 շրջանն է ուզում և միանգամից»,- լրատվականներից մեկի հետ զրույցում ասել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Նա մանրամասնել է՝ ասելով. «Բացի այդ՝ Ադրբեջանը դեմ է խաղաղապահների՝ կլինի դա ռուս կամ մեկ այլ ազգի, տեղակայմանը (հայկական կողմն այս հարցում էլ է «այո»–ի կողմնակից)։ Մեր իշխանությունների հույսը հենց Ալիևի «ոչ»–ի վրա է։ Երևանն իր «այո»–ն վաղուց է ասել տարածքների մասով»:
Խոսելով հայկական կողմի համար ցանկալի սցենարից նա ասել է. «Առանց ուժեղ դիրքերի հնարավոր չէ հակառակորդին խաղաղություն պարտադրել։ Եթե Ադրբեջանը բանակցում է ու զինվում, մենք չպետք է տանուլ տանք այդ մրցավազքում։ Այսօր մոդայիկ է Ռուսաստանից դժգոհելը։ Այո՛, շատ վատ է, երբ մեր հակառակորդին մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում, բայց մարդիկ բաց հայտարարեցին, որ փող տվեք, ձեզ էլ զենք տանք, ընդ որում՝ շատ ավելի էժան գնով, քան Ադրբեջանին։ Դե, դուզ խոսքն էշին են ասում, պետք է հետևություններ անել։ Ուժեղ լինենք, բոլորն էլ կդաշնակցեն մեզ հետ։ Թույլի հետ ոչ մեկը չի ուզում ընկերություն անել»: