Հանրապետության երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիի և Վանաձորի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրումների վերջնաժամկետն ավարտվել է։ Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է տասը կուսակցություն և մեկ դաշինք, «Բալասանյան» անվամբ, որի կազմում է ՀՀԿ-ն և Խոսրով Հարությունյանի «Քրիստոնեա-դեմոկրատներ» կուսակցությունը, իսկ Վանաձորում՝ ութ։
Պայքարը թեժ է լինելու Գյումրիում. Գյումրին միշտ առանձնացել է իր ընդդիմադիր դիրքորոշումով: Ցավով պիտի արձանագրենք, որ ընդդիմադիրները այս անգամ նույնպես չեն մասնակցում դաշինքով: Դաշինքով մասնակցելու դեպքում ընդդիմության հաղթանակը երաշխավորված կլիներ, իսկ դա կենթադրեր, որ 2017թ խորհրդարանական ընտրություններին իշխանությունները վերարտադրվելու ոչ մի շանս չէին ունենա, իրենց չէր փրկի նույնիսկ ընտրակեղծարարության մինչև այս գործող և ոչ մի մեխանիզմ:
Իշխանությունների ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ, նախկինում ՕԵԿ, ԲՀԿ կուսակցությունների անդամ Սամվել Բալասանյանը։ «Բալասանյան» դաշինքում են ընդկրգված նաև Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող
«Գյումրի-գարեջուր» ընկերության աշխատակիցները, նույն դաշինքում են նաև քաղաքապետարանի վարչությունների պետեր, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այլ կառույցների ղեկավարներ և Շիրակի ԵԿՄ կառույցի ղեկավարը:
Խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժ համարվող ԲՀԿ-ի ցուցակը գլխավորում է այդ կուսակցության նախկին անդամ Գյումրիի Պետական մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը։ ՀԱԿ-ի ընտրական ցուցակը կգլխավորի «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիր Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը: «Հայկական վերածնունդ»-ը կգլխավորի գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, իսկ իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն գլխավորել է Գյումրիի Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Արթուր Համբարձումյանը:
Նախկին ԲՀԿ Տիգրան Ուրիխանյանի` «Ալյանս» կուսակցության ցուցակը գլխավորելու է «Փաստեր» հաղորդաշարի հեղինակ, «Համահայկական կոնգրես» ՀԿ նախագահ Արմեն Բադալյանը, «Համախմբում» կուսակցության ցուցակը` Հովհաննես Ասոյանը: Ընտրապայքար է մտնելու նաև քաղաքական դաշտում վերջերս հայտնված ԳԱԼԱ կուսակցությունը, ցուցակի առաջին համարում է կուսակցության ղեկավար Վահան Խաչատրյանը։ ԳԱԼԱ-ի ցուցակում է նաև Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Հոկտեմբերի 2-ին ընտրապայքարին կմասնակցեն նաև գյումրեցիներին անհայտ, իշխանություններին հայտնի «Գյումրեցու ոգի» և «Գործարար» կուսակցությունները, ըստ շրջանառվող լուրերի որոնք ստեղծվել են իշխանության հետ ձևական դաշինք կազմելու նպատակով:
Որոշ տեղեկությունների համաձայն, «Գյումրեցու ոգի»-ն և «Գործարար»-ը հիմնադրել է Սամվել Բալասանյանը: Հոկտեմբերի 2-ի ավագանու (քաղաքապետի) ընտրությունը լինելու է յուրահատուկ փորձաքար 2017թ խորհրդարանական ընտրությունների, որով պարզ է դառնալու, հնարավոր է երկրում իշխանափոխություն սահմանադրական ճանապարհով: