Հայաստանի պետական դրոշը և զինանշանը կունենան ընդհանուր տեխնիկական պայմաններ: Դրանով սահմանվում են մասնավորապես դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները:

Այս որոշումն ընդունվել է այսօր՝ սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում: 

Օրինակ, դրսում տեղադրվելիք դրոշը պետք է անպայման պատրաստված լինի խոլիէսթերային գործվածքից, իսկ ներսում տեղադրվողները՝ նաև բամբակից, մետաքսից, բրդից և այլն:

Որոշման մեջ նշվում է, որ դրոշի գույները կլինեն կարմիրը, կապույտն ու նարնջագույնը (նախկինում երբեմն օգտագործվում էր դեղին գույնը-խմբ): Հաստատվել են նաև զինանշանի չափանիշները՝ գունավոր և սև-սպիտակ տարբերակներով: Զինանշանի կենտրոնում, նախկինի պես, պատկերված են մեծ ու փոքր Մասիսները՝ նոյյան Տապանով: Այս և գույների տոնայնության, չափերի և նյութերի հետ կապված այլ չափանիշները պարտադիր կլինեն բոլոր ոլորտներում օգտագործման համար (ծառայողական ձեւաչափ, վկայականներ, հեռուստա- եւ ռադիոեթեր, պետական հաստատություններ եւ այլն):