2016 թվականին Հայաստանից երկու երիտասարդներ՝ Անդրանիկ Սարգսյանն ու Սմբատ Մանուկյանը, շատ բարձր գնահատականներով ընդունվել են Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտ, որտեղ տարեկան ուսման վճարը $3400 է: Եթե Հայաստանի ԿԳ նախարարության և Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտի միջև ժամանակին կնքված լիներ անհրաժեշտ համաձայնագիրը, ինչպես առկա է նախկին որոշ խորհրդային պետությունների հետ, ապա այս տղաներն իրենց ուսումը կշարունակեին անվճար: Այս մասին տղաներին ասել են նշված ինստիտուտում:
Ո՞ւմ պատճառով է հապաղել ստորագրման գործընթացը, որի հետևանքով այս ընտանիքները ստիպված են լինելու իրենց չեղած միջոցները ներդնել այս շնորհալի տղաների բարձրագույն կրթությունը նման հեղինակավոր ԲՈՒՀ-ում ապահովելու համար կամ պարզապես չեն ստանա այդ կրթությունը: Այն, որ նրանք շնորհալի են, փաստում են ընդունելության քննությունների ժամանակ նրանց ստացած բարձր գնահատականները, ինչպես նաև այն, որ մասնավորապես Անդրանիկ Սարգսյանի ստեղծած բազմաթիվ հիշարժան քանդակներից «Հաց»-ը այսօր զարդարում է Ստեփանակերտը, քանդակի տեղադրումը տեղի է ունեցել Առաջին տիկնոջ և Երևանի քաղաքապետի բարձր հովանու ներքո: Այսօր պետության կողմից գործընթացը ձգձգելու պատճառով Անդրանիկ Սարգսյանի՝ կրթություն ստանալու հնարավորությունը դրվում է հարցականի տակ, որովհետև ուսման վճարի գումարը ընտանիքը չի կարողանում հայթայթել:
Այսպիսով՝ կարծում եմ, որ տղաները ՀՀ ԿԳՆ-ի մեղքով են ստիպված լինելու իրենց անվճար կրթությունը վճարովիով փոխարինել: Արդարացի կլինի, եթե ՀՀ կառավարությունն իր վրա վերցնի այդ պարտավորությունը:
Հ.Գ.Տղաների դասերն սկսվելու են հոկտեմբերի 1-ից: Սպասում եմ արագ արձագանքի:
Անահիտ Բախշյան. Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ
Նկարում Անդրանիկ Սարգսյանն է՝ Ստեփանակերտում տեղադրված «Հաց» քանդակի հետ