Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են դեռևս 2014-ի դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին: Այս մասին տեղեկացնում է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:
«Տեսակցությունը անցել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում: Բոլոր դիտարկումները քննարկվում են այն կողմի հետ, ում իշխանության ներքո գտնվում է ազատազրկված անձը: Ըստ իր աշխատելաոճի` Կարմիր Խաչը հանրությանը չի ներկայացնում տեսակցության արդյունքները»,- նշեց նա:
ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ պնդումները` տեղեկացնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել էր մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված էր եղել ծառայությունից: