Համացանցում է հայտնվել պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործին առնչվող ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են թուրք ոստիկանները Դինքին սպանած Օգյուն Սամասթին ձերբակալելուց անմիջապես հետո բանտում ողջագուրվում և լուսանկարվում նրա հետ:

Տեսանյութում արձանագրված են նաև ոստիկանների և Սամասթի միջև տեղի ունեցած խոսակցությունները, որտեղ ոստիկանները հերոսացնում և գովում են մարդասպանին և խոստանում, որ այդ տեսագրությունները նա երբեք չի տեսնի ոչ մի ԶԼՄ-ում:

Ստորև ներկայացնում ենք տեսագրության մեջ առկա խոսակցություններից որոշ հատվածներ.

- Մտիր թևը, մտիր: Հենվիր այսպես, տղաս, մեզ երկուսիս միասին են նկարում: Սրանից անհանգիստ մի եղիր, տես, անկեղծ եմ ասում:

...Գեղեցիկ դիրք ընդունիր մեծ եղբորդ հետ, ծիծաղելով՝ գեղեցիկ դիրք ընդունիր: Առյուծս, ապրես Օգյուն:

- Սա թող հանի (ցույց է տալիս թուրքական դրոշը):

- Հանիր դրոշը, պահիր այսպես, պահիր, պահիր այսպես գեղեցիկ, բաց արա:


Այնուհետև Օգյուն Սամասթի ձեռքն են տալիս մի տեսագրություն: Ենթադրվում է, որ դա եղել է նրա կողմից Հրանտ Դինքին սպանելու պահի տեսագրությունը: Այդ ընթացքում ոստիկաններն այսպիսի խոսակցություն են վարում Սամասթի հետ.

- Այդպես շատ վատ նայեցիր (Դինքի անշնչացած մարմնին), աչքերդ այսպես բարձրացրիր, վերջը շատ լավ տվեցիր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում էր հայտնվել ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյությում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:

Վեց սպաները, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար:

«Ակօս» թերթի ներկայիս խմբագիր Երվանդ Տանձիկյանը թերթի իր սյունակում կասկած ու զարմանք է հայտնել, թե ինչո՞ւ են իշխանությունները միայն հիմա բացահայտում այս տեսագրություններն ու արդյո՞ք այս քայլով ցանկանում են ամբողջ մեղքը բարդել միայն Գյուլենի թիմակիցների վրա: