Սեպտեմբերի 13-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում, մասնակցությամբ ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների և զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների, տեղի է ունեցել բանակի ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված ՊԲ-ում իրականացվող կադրային քաղաքականության ընթացիկ վիճակի և դրա բարելավման ուղիների քննարկմանը:

Բացելով նիստը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նախ իր ներածական խոսքում կարևորել է բանակային կյանքում կադրային ճիշտ և հետևողական քաղաքականության վարման անհրաժեշտությունը, իսկ այնուհետև ներկայացրել աշխատակարգում տեղ գտած հարցերի համառոտ բովանդակությունը:

Օրակարգային առաջին հարցի շուրջ համապարփակ զեկույցով հանդես է եկել ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը: Բանակի փոխհրամանատարն անդրադարձել է ՊԲ-ում իրականացվող կադրային քաղաքականությանն ու դրա բարելավման ուղիներին, ներկայացրել սպայական, ենթասպայական ու շարքային-պայմանագրային կազմի ծառայության ընթացիկ պայմաններն ու դրանց կատարելագործմանն ուղղված գործընթացների հնարավոր տարբերակները:

Խորհրդակցություն ընթացքում, ըստ ուղղությունների, ելույթներով հանդես են եկել նաև ՊԲ բարձրաստիճան այլ զինվորականներ, ովքեր իրենց ելույթներում անդրադարձել են զինծառայողների պաշտոնների նշանակման կարգին ու ընտրությանը, ներկայացրել կադրային քաղաքականության ուղղությամբ տեղերում իրականացվող աշխատանքները:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին, ելնելով հիմնական զեկույցում և ելույթներում հնչած առաջարկություններից ու պարզաբանումներից, պաշտպանության նախարարը ներկաներին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ: