Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, ս.թ. սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի և փորձերի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին՝
- ժ. 05:00-16:00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, ինչպես նաև Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցները՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաև Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակն ընկած ճանապարհահատվածում,
- ժ. 11:00-16:00 – Խանջյան փողոցի՝ Սայաթ-Նովայի պողոտայից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը, Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Ագաթանգեղոսի փողոցը։
Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրում ենք տրանսպորտային միջոցներ չկայանել Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի Հանրապետության Հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածում։
Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը նշված օրերին կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով:
Ստեղծվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: