ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում պահվող այս լուսանկարում 1-ին աշխարհամարտին մասնակցած 500 հայ վետերանների՝ Ամերիկայի և Հայաստանի Հանրապետության դրոշների ներքո շքերթն է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, 1920 թվականի ապրիլի 14-ին: Շքերթից հետո պատերազմի հայ վետերանները ռազմածովային նավատորմի նվագախմբի ուղեկցությամբ երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, ուր ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբիին է հանձնվում Հայաստանի Առաջին Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու մասին դիմումը:
ԱՄՆ-ն Հայաստանի անկախությունը ճանաչեց մի քանի օր անց՝ 1920-ի ապրիլի 23-ին: Այդ իրադարձության մասին պետքարտուղար Բեյնբրիջ Քոլբին պաշտոնական գրությունով տեղեկացնում է Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Գարեգին Պաստրմաճյանին, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ես պատիվ ունեմ Ձեզ և Ձեր միջոցով Ձեր կառավարությանը տեղեկացնելու, որ նախագահի հանձնարարականով Միացյալ Նահանգների կառավարությունն այսօրվանից ճանաչում է Հայաստանի Հանրապետության de facto կառավարությունը»:
Ռուբեն Շուպյանի ֆեյսբուքյան էջից: