«Հայկական ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է շաբաթվա վերջում արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուների ընտրության հարցը:
«Հիշեցնենք, որ այդ պաշտոնների համար կրկին առաջադրվել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու գործող անդամները: Մեր տեղեկություններով, ԱԺ-ն պատրաստվում է հոկտեմբերի 3-ին սկսվող քառօրյա նիստերի ընթացքում կազմակերպել նրանց ընտրությունը: Ճիշտ է, այդ ընտրության համար մինչև վերջնաժամկետ համարվող նոյեմբերը դեռ ժամանակ կա, բայց իշխանությունները ցանկանում են այն շուտ անցկացնել, որ եթե հանկարծ Տիգրան Մուկուչյանը կամ թեկնածուներից որևէ մեկը չընտրվի, հասցնեն երկրորդ ընտրությունները կազմակերպել:
Հիշեցնենք, որ Մուկուչյանի թեկնածությունն առաջադրել են ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները, իսկ մյուս անդամների առաջադրմանը միացել են նաև ԲՀԿ և ՕԵԿ անդամներ Լյովա Խաչատրյանն ու Հովհաննես Մարգարյանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: