Կառավարության նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել մի շարք նախարարություններ վերանվանել, որոշների կառուցվածքում փոփոխություններ կատարել, որոշ նախարարություններ՝ լուծարել:
«Վերանվանվում է Էկոնոմիկայի նախարարությունը՝ Ներդրումների և ձեռնարկությունների աջակցության նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարությանն ավելանում է «տեղեկատվական տեխնոլոգիաներ» բառակապակցությունը, Քաղաքաշինության նախարարությունը վերակազմակերպվում է, ցանկից դուրս է գալիս, և ենթադրվում է, որ կստեղծվի կոմիտեի տեսքով»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց, որ վերանվանելով Էկոնոմիկայի նախարարությունը՝ գործարարներին ասվում է, որ իրենք ունեն մի օղակ, որտեղ իրենց դիտողություններն ու ցանկությունները կարող են հայտնել և նրանց աջակցելու համար կառավարությունը պետք է ունենա տնտեսական անալիզ:
Նոր որոշմամբ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պետք է դառնա էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն։
Անդրադառնալով Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում Գյուղատնտեսության նախարարությանը պատկանող Ջրային պետական կոմիտեի ամրակցմանը, վարչապետն ասաց, որ ջրերի հարցում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. «Տրամաբանությունն այն է, որ գյուղացուն չպետք է նեղացնենք, սակայն դա բերում է ոչ էֆեկտիվ ծախսերի: Չեմ ուզում ստեղծվի տպավորություն, թե սուբյեկտիվ քայլեր ենք անում՝ նոր կառավարչի հաշվին: Ավիացիայի վարչությունն էլ տեղափոխում ենք Տրանսպորտի և կապի նախարարություն: Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնում ենք Տուրիզմի վարչությունը, որը կդառնա կոմիտե ու կոնկրետ խնդիրներ ենք դնում նրա առջև, քանի որ հարևան երկրին մենք անհամեմատ զիջել ենք: Քաղաքաշինության նախարարության փոխարեն կստեղծենք Ճարտարապետության և մշակութային պահպանման կոմիտե»:
Վարչապետը հավելեց, որ փոփոխություններն ինքը չի համարել ինքնանպատակ: