«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին կառավարությունը քրտնաջան աշխատում է 2017թ. բյուջեի նախագծում եկամուտների նախատեսված չափը կրճատելու ուղղությամբ: Նշվում է, որ մինչև վարչապետի ու կառավարության փոփոխությունը բյուջեի նախագիծը գրեթե պատրաստ է եղել:

«Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն, չի համաձայնել նախատեսված եկամուտների ու ծախսերի չափի հետ: ՊԵԿ -ից ստացած մեր տեղեկությունների համաձայն՝ իրենք կառավարությանը զգուշացրել են, որ չեն կարողանա ապահովել նախատեսված եկամուտների չափը:

Նշենք, որ վերջին տարիներին բյուջեի այդ ցուցանիշները համապատասխանեցվել են ՄԺԾԾ-ով նախատեսված թվերին, իսկ 2017թ. համար նախատեսված է 1 տրլն 146 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու տուրքեր, և մոտ այդքան էլ նշվել է բյուջեի նախագծում: ՊԵԿ-ից կառավարությանը զգուշացրել են, որ ՀՀ տնտեսության ծանր վիճակը թույլ չի տա, որ 2017թ. ապահովեն այդ գումարը, բացի այդ, ակնկալվող վարկերի քանակն էլ փոքր է լինելու:

Եվ, մեր տեղեկություններով, կառավարությունը ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի հետ միասին այս օրերին աշխատում են կրճատել հաջորդ տարվա բյուջեով նախատեսված թե եկամուտների, թե ծախսերի չափը»: