Դուք պայքարում եք ոչ թե ընդդիմադիր ձայների համար, այլ ձայներ եք ուղարկում իշխանությանը: Մի՛ արեք դա, խնդրում եմ ձեզ. այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ուղղված իր բաց նամակում։
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը Վանաձորի ՏԻՄ ընտրություններում կոչ էր արել ընդդիմադիր կուսակցություններին ինքնաբացարկ հայտարարել՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուի օգտին, ինչին Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր նախապայմանով՝ եթե Էդմոն Մարուքյանը Նախագահի իմպիչմենտի նախագիծ ներկայացնի ԱԺ: Նախապայմանը Էդմոն Մարուքյանը քաղաքական շանտաժ էր որակել և առաջադրել իր պայմանը՝ ՔՊ-ի ինքնաբացարկի դեպքում պատրաստ է ստորագրել Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված իմպիչմենտի փաստաթղթի տակ։
Թևան Պողոսյանի՝ երկու պատգամավորներին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի պարոնայք,
Նիկոլ ջան, Էդմոն ջան,
Սրտի ցավով եմ հետևում այս օրերին իրար հանդեպ կատարվող ձեր քայլերին: Եթե շատ լավ չճանաչեի երկուսիդ էլ, միգուցե ձայն չհանեի, կասեի քաղաքականություն է, ամեն ինչ քաղաքականության կանոնների մեջ են: Բայց լավ իմանալով ձեզ, շատ լավ հասկանալով, թե ինչ կարևորություն ունեք երկուսդ էլ վաղվա Հայաստանի համար, չեմ կարող մտածածս չբարձրաձայնել:
Նիկոլ ջան, Էդմոն ջան, ֆիկցիա է գաղափարը, թե «իշխանության ձայները, միևնույնն է, ֆիքսված սեգմենտ են» և պետք է պայքարել ընդդիմության ձայներին տիրանալու համար: Սա իշխանության խայծն է, որ ընդունել եք:
Այսօր ձեր հրապարակային փոխադարձ «հարձակումները» մեծ հաճույքով տարածվում են, իսկ արդյունքում շարքային մարդը սկսում է մտածել «դե լավ, սրանք դեռ բան չունեն կիսելու, որ սենց են անում, բա որ իշխանություն ունեցան, ինչ կանե՞ն: Չարիքի փոքրագույնը երևի էս եղածներն են, գոնե պարզ է, ինչ են անելու»:
Արդյունքում դուք պայքարում եք ոչ թե ընդդիմադիր ձայների համար, այլ ձայներ եք ուղարկում իշխանությանը: Մի՛ արեք դա, խնդրում եմ ձեզ, մարդիկ ձեզ այնքան մոտիկից չգիտեն, որքան ես գիտեմ, մի՛ փչացրեք հույսը, ուրիշ հույսի տեղ գրեթե չկա»:
Նշենք, որ այդուհանդերձ Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն և ԼՀ-ն չեն համագործակցի և կմասնակցեն առանձին-առանձին ցուցակներով, քանի որ միմյանց կողմից ներկայացված պայմանների ու առաջարկների հարցում համաձայնության չեն եկել, իսկ ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետն ավարտվել է: