«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ու իր առաջնորդած քաղաքական ուժը միացել են «Արդարություն Հայաստանում» արշավին, որի մեկնարկը տվել էին աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը, ամերիկահայ դերասան Վահե Բերբերյանը և անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը

«Ի նշան համերաշխության այդ նախաձեռնությանը և հաշվի առնելով հանրապետության վերջին 25 տարվա իրողությունները, մենք իրավամբ հպարտանում ենք մեր հավաքական ձեռքբերումներով և շատ ավելին ենք ակնկալում գալիք սերունդների համար, որպեսզի նրանք կարողանան ներդնել իրենց ստեղծագործական ողջ ներուժը և մեր պետությունը դարձնել ժամանակակից, մրցունակ ու շատ ասպարեզներում առաջատար: Դա թույլ կտա կերտելու բացառապես Նոր Հայաստան՝ ազատ ու արդար, ժողովրդավար ու ինքնիշխան, աշխարհի բոլոր հայերի միասնական ներգրավմամբ՝ իրավունքով ղեկավարվող ծաղկուն Հայրենիք:

Սա մեր սեփական ազգային ստուգատեսն է, որը պետք է անցնենք արժանապատվությամբ ու առաքինությամբ՝ և՛ նրանց անունից, ովքեր կռվեցին ու ընկան, և՛ հանուն նրանց, ովքեր ապրելու ու առաջնորդելու են վաղը»,-ասված է հայտարարության մեջ: