Խաղողի մթերման համար այս տարի այնպիսի բարդ իրավիճակ չի լինի, ինչպես նախորդ տարի էր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը:
«Խաղողագործությունը պետք է իրենից ներկայացնի խաղող արտադրողի եւ վերամշակողի միջեւ հարաբերություն, չի կարելի բոլոր հարցերը դնել պետության վրա։ Պետությունն այստեղ կարգավորիչ դեր է կատարում, եւ մենք պետք է ստեղծենք մեխանիզմներ, որպեսզի այդ երկու սուբյեկտը կարողանան միասին աշխատել»,-ասել է նա:
Իգնատի Առաքելյանի խոսքով` գյուղացին պետք է մտածի ինքնարժեքի մասին, որովհետեւ եթե վերամշակողը պատրաստ չէ գյուղացու պահանջած գնով գնել, գյուղնախարարության դերը պետք է լինի այն, որ օգնի գյուղացուն օպտիմիզացնել իր արտադրանքի ինքնարժեքը։
«Պետք է հասկանանք, խորհրդատվություն տանք գյուղացուն, թե ինչ անել, որ ինքնարժեքը նվազի, որպեսզի վերամշակողն այդ խաղողը գնի։ Չի կարող ամեն անգամ այնպես լինել, որ վերամշակողը սնանկանա, իսկ արտադրողը ցանկանա մի կերպ ազատվել իր խաղողից»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ շուտով կհայտարարվի, թե Վայոց ձորի մարզում խաղողի մթերման հարցին ինչ լուծում է տրվելու: