«Պարույր Հայրիկյանի միջադեպը շատ տարօրինակ էր, որ դա գնահատվեց, որպես մահափորձ, ի՞նչ գիտեք, որ մահափորձ էր»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Վերջինս նշեց, որ իրականում պետք էր աղմուկ հանել և դա եղավ:
«Անմիջապես սկսեցին խոսել, որ դա մեր պետականության դեմ էր: Մարդը չի կարող լինել պետականության խորհրդանիշ, պետականության խորհրդանիշը դրոշն է, բայց եկեք համաձայնվեք, որ Պարույր Հայրիկյանը մեր անկախության խորհրդանիշը չէշ»,-իր խոսքում նշեց Ա. Բադալյանը:
Քաղտեխնոլոգը խոսեց նաև Հայրիկյանի կողմից պարբերաբար շրջանառվող ռուսական իմպերիալիզմի մասին: Բադալյանն այն կարծիքին է, որ եթե ուզենային սպանել, ապա կսպանեին, չէին կարող վրիպել:
«Ռուսական իմպերիալիզմները քիլլերին ֆայլաբազարից էին բերել, որ 30սմ-ից վրիպեց: Ըտենց բան չի լինում, եթե ուզեն ոչնչացնեն կոչնչացնեն, առավել ևս, որ Հայրիկյանն էն մարդը չի, որ ինքը երկրորդ փուլ անցներ»,-նշեց Ա. Բադալյանը:
Խոսելով ՀՀ նախագահի թեկնածուների քարոզարշավի մասին, քաղտեխնոլոգը նշեց, որ այս քարոզարշավը մրցակցային չէ:
«Մրցակցային ասելով միշտ նկատի ունենք որակյալ մրցակցություն և ոչ թե քանակական: Քանակական մրցակցությու կա, բայց որակական չկա»,-ասաց Բադալյանը:
Բանախոսը նշեց, որ այսօր գործող նախագահը բոլորին գերազանցում է իր ռեսուրսներով:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, Բադալյանը նշեց, որ հասարակության մոտ լուրջ չի ընդունվում նրա քայլերը:
«Երբ գնում են վարսավիրանոց կամ փողոցում բարևում են անծանոթին, դա մեր հասարակության մեջ լուրջ չի ընկալվում, միգուցե դա ընկալվեր ԱՄՆ-ում, երբ Օբաման գնում է McDonalds և այնտեղ սնվում է»,-նշեց Բադալյանը:
Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի քարոզարշավին, ասաց. «Նա գերագնահատում է ծրագրի դերը: Գյուղացիներին Հարվարդի համալսարանի տնտեսագիտություն է բացատրում և իրեն թվում է, որ ընտրությունները դա ծրագրերի պայքար է»:


